Սերգեյ Սմբատյան-Էդուարդ Թոփչյան մենամարտը նոր թափ է հավաքում
Գիտություն և ՄշակույթՀունվարի 19-ին, ոմն Դավիթ Հարությունյան ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանին նամակ էր հղել՝ նախարարի ուշադրությունը հրավիրելով Էդուարդ Թոփչյանին և, մասնավորապես, նրա մասնագիտական գործունեության վրա: Նամակի հեղինակը կասկած էր հայտնել Էդուարդ Թոփչյանի մասնագիտական որոշ տվյալների հետ կապված՝ նշելով, որ հարցում է ուղարկել 10 տարբեր նվագախմբեր, որտեղից հերքել են իրենց մոտ Թոփչյանի հետ աշխատելու փաստը: Նամակագիրը նաև նշել էր, որ այս քայլին նախկինում չի գնացել, քանի որ նախկին նախարարը վախենում էր ավելորդ խոսակցություններից, իսկ հիմա եկել է ժամանակը, որ այլևս ժողովրդին չխաբեն և 15 տարի շարունակ ինքնահռչակ դիրիժորին` որպես «ականավոր» չներկայացնեն:
Նամակի հրապարակումից շատ չանցած չուշացավ պատասխանը.
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի տնօրենությունն արձագանքել է ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանին ուղղված բաց նամակին: Ֆիլհարմոնիկի տնօրենությունը նամակագրին հրավիրում է «Արամ Խաչատրյան» համերգասրահ՝ միասին ուսումնասիրելու իրենց մոտ առկա փաստերն ու նյութերը. «Խնդրում ենք անպայման ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով:
Նման հանդիպումից և նյութերի ուսումնասիրությունից հետո Ֆիլհարմոնիկի տնօրենությունը նամակագրի հետ համատեղ ասուլիսի անհրաժեշտություն է տեսնում։
«Մեզ համար փոքր-ինչ զարմանալի է, որ չենք ճանաչում Ձեզ՝ որպես դասական երաժշտության այդքան ջերմեռանդ ջատագովի: Տարօրինակ է նաև, որ գոնե մեկ անգամ համերգասրահ այցելելուց և մեր նվագախմբի հերթական բարձրորակ կատարմանը ներկա գտնվելուց հետո (եթե այդպիսի դեպք գրանցվել է Ձեր կյանքում) կարող եք այդքան ժամանակ կորցնել՝ Թոփչյանի արտասահմանյան ելույթների ցանկն ուսումնասիրելու և նամակագրություն-բանսարկություն պատրաստելու վրա՝ չնկատելով ու չգնահատելով այն, ինչ ունենք այսօր և ինչին հասել ենք տարիների ընթացքում, գերազանցապես հենց մաեստրո Թոփչյանի գործուն ջանքերի ու աննկուն աշխատանքի շնորհիվ»:
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի տնօրենությունը նամակագրին մեկ անգամ ևս սիրով հրավիրում է համերգասրահ (Երևան, Մաշտոցի 46)՝ «Օրն ու ժամը թողնում ենք Ձեր հայեցողությանը»:
Այն, որ Հայաստանում Էդուարդ Թոփչյանի դեմ որոշակի արշավ գոյություն ունի, հայտնի է շատերին: Շատերն այդ արշավի հետևանք էին համարում, որ դեռևս 2015 թվականին Ֆիլհարմոնիկ նվագախմբից հեռացվեցին մի քանի երաժիշտներ, ովքեր համատեղությամբ աշխատում էին նաև Էդուարդ Թոփչյանի հետ: Նախկինում ընդդեմ Թոփչյանի աշխատանքները կորդինացնում էին Հասմիկ Պողոսյանը և ՀՀ մշակույթի նախկին նախարար, Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության նախկին արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սմբատյանը, ովքեր ջանք ու եռանդ չէին խնայում Ա. Սմբատյանի որդի Սերգեյ Սմբատյանին Ֆիլարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար Էդուարդ Թոփչյանի պաշտոնում նշանակելու համար: Այդ պլանները չիրականացան և հիմա, հավանաբար, այս նամակը պլանների իրագործման հաջորդ քայլն է, որին անկասկած կհաջորդեն նոր գործողություններ...
Աղավնի Սուքիասյան