Բրյուսելում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը տեղի կունենա մայիսի 25-ին
ԱշխարհԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի համար ՆԱՏՕ-ի առաջին գագաթնաժողովը տեղի կունենա մայիսի 25-ին Բրյուսելում: Այդ մասին հայտնել է Բելգիայի վարչապետ Շառլ Միշելը:
«Շատ ուրախ եմ՝ իմ գործընկերներին մայիսի 25-ին Բրյուսելում ընդունելու ՆԱՏՕ-ի հաջորդ գագաթնաժողովում եւ բացելու դաշինքի նոր կենտրոնակայանը»,-գրել է Միշելը Twitter-ում:
Բրյուսելի գագաթնաժողովը կկայանա Վարշավայում դաշինքի ղեկավարների՝ 2016 թվականի հուլիսի 8-9-ին տեղի ունեցած հանդիպումից մեկ տարի չանցած: Ավելի վաղ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը հայտնել է, որ ՆԱՏՕ-ի Բրյուսելի գագաթնաժողովը կանցկացվի ավելի նեղ ձեւաչափով, եւ դրա գլխավոր նպատակը կլինի հանդիպումն ԱՄՆ-ի նոր նախագահի հետ:
Ինչպես փետրվարի 6-ին հայտնել է դաշինքը, ամփոփելով Ստոլտենբերգի եւ Թրամփի միջեւ կայացած հեռախոսային բանակցությունների արդյունքները, նիստում քննարկվելու են, մասնավորապես, ահաբեկչության դեմ պայքարը, դաշինքի անդամների միջեւ ծախսերի արդարացի բաշխումը, Ուկրաինան եւ Ռուսաստանի նկատմամբ քաղաքականությունը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: