Տեսնես երբևէ մտածե՞լ են այս մասին…
AnalyticalՀայաստանի տնտեսական հետընթացի պատճառները թվելու համար, թերևս երկար ժամանակ կպահանջվի. դրանք պայմանավորված են ինչպես օբյեկտիվ, այնպես էլ սուբյեկտիվ գործոններով, ու կարծել, թե եզակի լուծումներով կարող է հնարավոր լինել առողջացնել ողջ համակարգը, մոլորություն կլիներ, քանի որ ակնհայտ է՝ այնպիսի խորն անդունդի մեջ, ինչպիսին Հայաստանի տնտեսությունն է այժմ գտնվում, անհնար է հայտնվել պատահականության սկզբունքով:
Սովորաբար, ընդունված է կարծել, թե Հայաստանի տնտեսության զարգացման համար ամենաանհրաժեշտ բանը, միակ նպատակակետը երկրից արտահանվող ապրանքների ցանկի ընդլայնումն ու ծավալների մեծացումն է. իբր, որքան շատ տարադրամ մուտք գործի երկիր, այնքան ավելի կկայունանա երկրի ֆինանսական վիճակը և այլն: Չցանկանալով կասկածի տակ դնել տնտեսական զարգացման այս մոդելի իսկությունը, մանավանդ որ Հայաստանի տնտեսությունն ամենից շատ դոլարիզացվածներից մեկն է, չենք կարող, սակայն, չշեշտել այս տեսության բացասական կողմերը ևս:
Ոչ ոք, անկասկած, չի կարող ժխտել, որ ցանկացած պետության տնտեսական զարգացման հիմքում ընկած կարևորագույն գործոններից մեկն էլ արտահանումն է. սա, եթե կուզեք, տնտեսական ակտիվության ու դինամիկայի ուղղակի ցուցիչներից մեկը պետք է համարել: Հայաստանի պարագայում, սակայն, ամեն բան այնքան էլ միանշանակ չէ, ու ոչ միշտ է պատահում այնպես, որ, ասենք, արտահանման տեմպերի բարձրացումը՝ կոնկրետ ապրանքատեսակների մասով, կարող է աներկբա վկայությունը հանդիսանալ տնտեսական զարգացման. ինչպես որ կայինք, այնպես էլ շարունակում ենք մնալ՝ առանց որևիցե հեռանկարի դոփելով տեղում: Իսկ նման վիճակը, հետևաբար, չի կարող առաջ չբերել հարցեր, որոնց պատասխանները դեռևս կարծես ոչ ոք չի պատրաստվում տալ:
Իսկ կարևորագույն հարցը՝ կապված այս իրավիճակի հետ, հետևյալն է՝ ի՞նչ իմաստ ունի ուրախանալ արտահանման աճով, եթե, իհարկե, այդպիսին գրանցվում է, երբ դրա արդյունքում ստացվող գումարները հայաստանցիներս ծախսում ենք արտերկրից Հայաստան ներմուծված ապրանքների գնման վրա. այս կերպ Հայաստանի տնտեսությունը, փաստացի, հայտնվում է վանդակում հայտնված, բայց անվերջ վազող խամյակի կարգավիճակում:
Անկասկած է, որ շատ ավելի հեռանկարային կլիներ, եթե մեզանում հստակ ծրագիր մշակվեր ոչ թե, ասենք, բացառապես արտահանման զարգացման, այլ՝ ներմուծման կրճատման: Ակնհայտ է, որ տնտեսական ներկա մոդելը լավ ապագա չի կարող խոստանալ մեր երկրին, ու այստեղ հարկավոր է շատ ավելի կրեատիվ քայլերի դիմել՝ ասենք մշակել ներմուծման փոխարինմանն ուղղված հստակ ռազմավարություն: Իսկ սրա էությունը հետևյալն է՝ նախքան արտահանման մասին մտածելը սեփական շուկան հագեցնել տեղական արտադրանքով: Ասենք, ինչ իմաստ ունի ներմուծել բրազիլական հավի սառեցված ազդրեր, երբ կարելի է այդ շուկան լիուլի հագեցնել տեղական արտադրանքով: Կամ զանազան զարտուղի ճանապարհներով Թուրքիայից ներմուծել լոլիկ այն պարագայում, երբ տեղացի գյուղացին ամեն տարի ստիպված է լինում կանգնել կոտրած տաշտակի առաջ՝ իր ապրանքի անմրցունակության պատճառով:
Անկասկած, եթե ի վիճակի լինենք գոնե մասամբ կյանքի կոչել նմանատիպ մի ծրագիր, ապա Հայաստանի տնտեսական գերխնդիրներն էականորեն կկրճատվեն, երկրում կստեղծվեն նոր աշխատատեղեր, տեղական բիզնեսի զարգացման համար կբացվեն նոր հորիզոններ, էականորեն կմեծանա Հայաստանի անկախությունն արտաքին շուկաներից: Վերջիվերջո, ի՞նչ իմաստ ունի գնել օտարինն, երբ քոնը հազար անգամ ավելի որակյալ է, էկոլոգիապես մաքուր ու տնտեսապես շահավետ:
Մեզ նոր կենսափիլիսոփայություն է անհրաժեշտ. հինն իրեն այլևս սպառել է…
Դավիթ ԲԱԲԱՆՈՎ