«Ծառուկյան» դաշինքը սահմանեց տնտեսության զարգացման բանաձևը
AnalyticalԵրեկ ներկայացվեց «Ծառուկյան» դաշինքի նախընտրական ցուցակը: Դաշինքի համամասնական ցանկով պատգամավորի թեկնածու Միքայել Մելքումյանը ներկայացրեց այն հիմնական շեշտադրումները, որոնք տեղ են գտնելու «Ծառուկյան» դաշինքի նախընտրական պլատֆորմում: Դրույթներից յուրաքանչյուրը մեր երկրի առջև ծառացած կարևորագույն հիմնահարցերին է վերաբերում և անշուշտ՝ առաջարկվում են դրանց համար օր առաջ լուծում գտնելու արդյունավետ մեխանիզմները:
«Ծառուկյան» դաշինքի ծրագրային դրույթները միտված են երկրում տնտեսական կլիմայի բարելավմանը, հանրապետությունում ստեղծված սոցիալ-տնտեսական բազմաթիվ մարտահրավերների հաղթահարմանը, ինչը մեծապես կնպաստի երկրում կայուն տնտեսական աճի ապահովմանը: Մի բան՝ ինչն այսօրվա մեխանիզմների շարունակական կիրառման պարագայում գրեթե անհնարին է թվում: Այս տեսանկյունից՝ ուշագրավ են միջին կենսաթոշակի բարձրացմանը և ՓՄՁ-ի հարկային ամնիստիային վերաբերող կետերը: «Ծառուկյան» դաշինքը կառավարությունում մեծամասնություն ստանալու դեպքում պատրաստվում է միջին կենսաթոշակի չափը բարձրացնել հազար դրամով և այն համապատասխանեցնել նվազագույն կենսաապահովման զամբյուղին՝ պարբերաբար ինդեքսավորելու պայմանով:
Դաշինքը ընտրություններում հաջողության հասնելու պարագայում նախատեսում է նաև 2018 թվականի հունվարի 1-ից նվազագույն աշխատավարձը սահմանել 80 հազար դրամ՝ ներկայիս 55 հազարի փոխարեն: Ինչ խոսք, սա ավելի քան իրատեսական է, չնայած կառավարության այն պնդումներին, որ ՀՀ տնտեսությունը չի կարող իրեն նման շռայլություն թույլ տալ: Հնարավոր է գտնել այնպիսի մեխանիզմներ, որոնց կիրառման դեպքում միջին աշխատավարձը կհամապատասխանի նվազագույն սպառողական զամբյուղին, միևնույն ժամանակ կբացառվի այն ապրանքների թանկացումը, որոնց ինքնարժեքում մեծ է աշխատավարձի չափաբաժինը:
Շատ կարևոր է նաև այն հանգամանքը, որ «Ծառուկյան» դաշինքը հստակ գիտակցում է, թե որ աղբյուրների հաշվին պետք է կատարվեն այդ բարձրացումները, ինչը թույլ կտա աշխուժացնել մեր տնտեսությունը և կյանքը մեր բոլորիս հայրենիքում: Այս նախաձեռնությունները կբերեն նրան, որ տարեկան մեր երկիրը կգրանցի 6% տնտեսական աճ: Համախառն ներքին արդյունքի տնտեսական աճի յուրաքանչյուր տոկոսը կազմում է 18 միլիարդ դրամ: Այսինքն՝ 6%-ի դեպքում դա կազմում է 100 միլիարդից ավել գումար:
«Ծառուկյան» դաշինքը նաև առաջարկում է առաջիկա 3 տարիներին փոքր և միջին ձեռնարկություններն ազատել հարկերից, իսկ մինչև 30 մլն ՀՀ դրամ շրջանառություն ունեցող տնտեսավարող սուբյեկտներին առաջիկա 5 տարիներին ազատել հարկերից, այդ թվում՝ պետական ռեգիստրում որպես Ա/Ձ կամ իրավաբանական անձ գրանցվելու պարտավորությունից: Կիրառել նաև հարկային համաներում՝ հարկային պարտավորությունների չկատարման հետևանքով կուտակված շուրջ 60 մլրդ ՀՀ դրամ տույժերի և տուգանքների մասով: Անհիմն բարձր և անհամաչափ հարկերի պատճառով՝ ՓՄՁ-ի գոյությունն արդեն իսկ վտանգի տակ է հայտնվել: Մինչդեռ առաջարկված այս ծրագիրը կարող է լուրջ խթան հանդիսանալ փոքր և միջին բիզնեսի զարգացման համար: Տնտեսական այսպիսի նախաձեռնությունները համարձակ են, իրատեսական և միևնույն ժամանակ՝ զերծ պոպուլիստական երանգներից: Այդ ծրագրերը խորքային վերլուծության են ենթարկվել, որի արդյունքում առաջարկվել են մասնագիտական և արդյունվաետ լուծումներ: