Հոպարնե՛ր, կոչ եմ անում վառոդը չոր պահել. Սերժ Սարգսյան
ՔաղաքականՆախագահ Սերժ Սարգսյանն այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մասնակցել է Երկրապահ կամավորականների միության (ԵԿՄ) 11-րդ համագումարին: Հանրապետության Նախագահը ողջույնի խոսք է հղել համագումարի մասնակիցներին և հյուրերին:
Իր խոսքը Նախագահն այսպես է եզրափակել. (ԽՄԲ.- կարդացեք նաև՝ Ադրբեջանում ոմանք դեռ պատրանքներ ունեն, թե իբր ընտրությունների վրա կենտրոնացած Հայաստանը լինելու է շատ զբաղված, հետևաբար և խոցելի. Սերժ Սարգսյան և ՀՀԿ թիմի ձայնը շատ բարձր է հնչելու. Սերժ Սարգսյան):
Հոպարնե՛ր,
Թո՛ղ ոչ ոք չկասկածի, որ մենք անմնացորդ նվիրված ենք մեր հայրենիքի պաշտպանությանը, որ մենք ցանկացած պահի պատրաստ ենք լինելու առաջնագծում, պատրաստ ենք լինելու խրամատում մեր երիտասարդների, մեր կանոնավոր բանակի հետ միասին պաշտպանելու մեր հայրենիքը, որ մենք հավատարիմ ենք լինելու մեր ուխտին, որ մենք հավատարիմ ենք մեր նահատակված զինակից ընկերների պայծառ հիշատակին:
Երկրապահ կամավորականների միությունը, լինելով հասարակական կազմակերպություն, մեզանում ձեռք է բերել շատ յուրահատուկ կշիռ: Այս իրողությունը խոսում է ձեր ուժի մասին, խոսում է ձեր կազմակերպվածության, համախմբվածության և հասարակության մեջ ունեցած հեղինակության մասին:
«Մենք ելնում ենք ուժերի իրական հավասարակշռությունից: Մենք փոխում ենք իրականությունը՝ մեր երկիրը դարձնելով ավելի ազատ և ավելի ժողովրդավարական, քանի որ համոզված ենք, որ այդ փոփոխությունների արդյունքում ունենալու ենք ավելի արդյունավետ կառավարում: Ավելի արդյունավետ կառավարումն իր հերթին մեզ դարձնելու է ավելի մրցունակ և ավելի պաշտպանունակ:
Հարգելի՛ երկրապահներ,
Խոսքիս ավարտին, ինչպես միշտ, կոչ եմ անում ձեզ շարունակել վառոդը չոր պահել, քանի որ մեր պայքարը դեռ շարունակվում է:
Երկրապահ կամավորականների միության համագումարին մաղթում եմ հաջող ընթացք և արդյունավետ աշխատանք:
Համոզված եմ, որ այս համագումարում ևս Երկրապահ կամավորականների միությունը կդրսևորի իրեն բնորոշ պետական մտածողություն ու պատասխանատվություն՝ արժանիորեն շարունակելով իր հիմնադիր նախագահի՝ Վազգեն Սարգսյանի սկսած գործը»: