450 հազար ԱՄՆ դոլար՝ Սիրիայի նախագահին սպանելու դիմաց
Средний ВостокՍաուդյան Արաբիայում բնակվող հեղինակավոր կրոնական գործիչ Ալի Ալ-Ռաբիեին 450 հազար ամերիկյան դոլար է խոստացել Սիրիայի նախագահ Բաշար Ասադին սպանողին։ Այս մասին հաղորդում է «Gulf News»-ը։
Ինչպես հայտարարել է Ալ-Ռաբիեին, նրան նման քայլի դրդել է սիրիական Հուլա քաղաքում տեղի ունեցած սպանդի մասին տեղեկատվությունը, որտեղ մայիսի 25–ին սպանվել էր ավելի քան 116 մարդ։
«Մենք 450 հազար դոլար դրամական պարգև ենք խոստանում նրան, ով կսպանի Բաշար Ասադին` մարդասպանին, որի՝ կանանց և երեխաների հանդեպ կատարած հանցագործությունները ցնցեցին ողջ աշխարհը»,- հայտարարել է Ալի Ալ-Ռաբիեին։
Դեռևս հայտնի չէ, թե ինչպես են արձագանքել այս հայտարարությանը Սաուդյան Արաբիայի արքայական ընտանիքն ու Սիրիայի իշխանությունները։
Ինչպես հաղորդվել էր ավելի վաղ, Հուլա քաղաքը, որը հանդիսանում է ընդդիմության հենակետերից մեկը, մայիսի 25-ի երեկոյան գնդակոծվել էր կառավարական զորքերի կողմից, որից հետո քաղաքի վրա էին հարձակվել զինված խմբավորումներ։ Հաջորդած կոտորածին զոհ էր գնացել ավելի քան 110 մարդ, այդ թվում՝ 32 երեխա։
Քաղաքի բնակիչները կատարվածի մեջ մեղադրում են իշխանամետ «Շաբիհ» խմբավորմանը։ Սակայն երկրի ղեկավարությունը, սպանությունների մեջ մեղադրում է «Ալ-Քաիդա»-ի զինյալներին։