Աշխարհի կանանց առաջնության քառորդ եզրափակչի արդյունքները
ՍպորտԻրանի մայրաքաղաք Թեհրանում տեղի ունեցան աշխարհի կանանց առաջնության քառորդ եզրափակչի երկրորդ պարտիաները:
Տան Չժունչի– Ցզյու Վենցզյուն չինական դիմակայությունում գրանցվեց մրցաշարի առաջին խոշոր անակնկալը: Տան Չժունչին կարողացավ սև խաղաքարերով առավելության հասնել մրցաշարում ամենաբարձր գործակիցն ունեցող և չեմպիոնի կոչման թիվ 1 հավակնորդ Ցզյու Վենցզյունի նկատմամբ:
Կիսաեզրափակիչի ուղեգիր նվաճեց մրցաշարում երկրորդ գործակիցն ունեցող Աննա Մուզիչուկը. նրա մրցակիցն էր Անտուանետա Ստեֆանովան: Աննա Մուզիչուկը մրցաշարի միակ մասնակիցն է, ով իր բոլոր մրցակիցներին հաղթել է դասական պարտիաներում:
Կիսաեզրափակչի երրորդ ուղեգիրը նվաճեց մրցաշարում երրորդ գործակիցն ունեցող Ալեքսանդրա Կոստենյուկը. նրա մրցակիցն էր չինուհի Նի Շիցյունը:
Քառորդ եզրափակչի միայն մեկ դիմակայությունում հաղթողը կորոշվի թայ-բրեյքում: Հարիկա Դրոնավալի – Նանա Ձագնիձե մրցախաղի դասական պարտիաներն ավարտվեցին 1-1 հաշվով: Առաջին պարտիայում կրած պարտությունից հետո Նանա Ձագնիձեն երկրորդ պարտիայում կարողացավ տոնել կամային հաղթանակ և հավասարեցրեց հաշիվը: Այս մրցախաղի հաղթողը կորոշվի թայ-բրեյքում: