Զինվորներին ծխախոտի փոխարեն գումար է հատկացվելու. Հովհաննիսյան
ԱՐԽԻՎԽաղաղ ժամանակ պարենային ապահովման չափաքանակներում ՊՆ-ում, ԱԻՆ-ում հանվում է ծխախոտի, իսկ ԱԱԾ-ում՝ նաև լուցկու հատկացումը: Այսպիսի որոշումը ներկայացվել է Կառավարության հերթական նիստում:
Նման նախագիծ է ներկայացրել Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: Նախարարը որոշումը պատճառաբանում է առողջ ապրելակերպի, ծխախոտի դեմ պայքարի պահանջներով և Պաշտպանության նախարարությունում իրականացվող «Առողջ զինվոր՝ առանց ծխախոտի» ծրագրի շրջանակներում: Նախագիծը բուռն քննարկման տեղիք է տվել՝ նախագծին կողմ ու դեմ կարծիքները գրեթե հավասար են:
Զինվորները ծնողներից են ուզելու ծխախոտ, անձնական միջոցներով են գնելու, ՊՆ-ի «Զինվոր»-ի հույսին չեն մնալու, կամ, շատերը պնդում են, որ ծխախոտ չի էլ տրամադրվել: Հակառակ կարծիքը ևս հնչում է՝ առողջ ապրելակերպ, առողջ զինվորներ: Մինչ մարդիկ քննարկում ու քննադատում են Վիգեն Սարգսյանի որոշումը, ՊՆ-ն մեկնաբանում է աղմկահարույց նախագիծը:
ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն ասաց՝ զինծառայողներին տրվող ծխախոտի փոխարեն գումար է հատկացվելու զինվորներին, որը, ըստ Հովհաննիսյանի, կարող է ավելի նպատակային ծառայել:
«Դա նախևառաջ առողջ ապրելակերպին է ուղված, հետո՝ նա կարող է ինքը տնօրինել իր գումարը, իսկ եթե, այնուամենայնիվ, պիտի ծխի, ապա կծխի իր ուզած ծխախոտը»:
ՊՆ մամուլի խոսնակն այս պահին դժվարացավ պատասխանել, թե ինչ չափի գումարի մասին է խոսքը:
Ի դեպ՝ ըստ օրենքի, ծխախոտ հատկացվում է միայն պայմանագրային զինվորական ծառայության կրտսեր ենթասպայական և շարքային կազմերի զինծառայողներին՝ մեկ օրվա համար 20 հատ, ժամկետային զինծառայողներին՝ ծխախոտ, օրենքով՝ չի հասել: Իսկ Կառավարության երեկվա որոշումը վերաբերվում է պայմանագրային զինծառայողներին:
Որոշումն ուժի մեջ կմտնի 2017 թվականի հուլիսի 1-ից: