Արցախի ՊԲ-ն զառանցանք է որակել հայկական անօդաչու թռչող սարք ոչնչացնելու Ադրբեջանի հայտարարությունը
ՔաղաքականԱրցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը զառանցանք է որակել Ադրբեջանի Պաշտպանության նախարարության՝ հայկական անօդաչու թռչող սարք ոչնչացնելու մասին տեղեկատվությունը: «Քիչ առաջ ադրբեջանական ագիտպրոպը տարածեց սեփական զինուժի կողմից օրվա ընթացքում գրանցած հերթական «հաջողության» մասին հերթական զառանցանքը: Այս անգամ հարևան վայ քարոզիչների երևակայության թիրախում է հայտնվել հայկական «խոցված» անօդաչու թռչող սարքը: Դե, իհարկե, չեն մոռացել հաղորդագրությանը կից տեղադրել նաև կատարվածը հաստատող «անհերքելի ապացույց»՝ այս անգամ արդեն լուսանկարի տեսքով... Չզարմանաք, ընդունեք որպես հիմար սովորության հերթական դրսևորում...»,- Ֆեյսբուքյան իր էջում գրել է Սենոր Հասրաթյանը: