Բնապահպանական խնդիրները միշտ քաղաքականացված են եղել. Արծվիկ Մինասյան
ՔաղաքականԱյսօր Կառավարության նիստի ավարտից հետո ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով տարածքային ընտրացուցակների հետ կապված մրցակցությանը, նշեց. «Ընտրողներին պետք է բացատրել, որ տարածքային ցուցակով թեկնածու ընտրելիս՝ նրանք ընտրում են նաեւ այն կուսակցությանը, որը նրանց առաջադրել է: ՀՅԴ-ն հանդես էր գալիս ռեյտինգային քվեարկության օգտին, բայց հանրապետության համար միասնական ցուցակով: Տարածքային շրջանների բաժանումը ՀՀԿ-ի հետ փոխզիջման արդյունք էր: Իհարկե, կարող են բարդություններ առաջանալ: Եւ բոլորը պետք է հասկանան, որ թեկնածու ընտրելով, ընտրում են նաեւ նրան առաջադրած քաղաքական ուժին: Եւ մամուլը, լրագրողների միջոցով, պետք է օգնի՝ հասարակությանն այս մոտեցումը հասցնելու հարցում»: ԼՈւՐԵՐ.com-ի դիտարկմանը, որ այս օրերին բազմաթիվ են լուրերը ընտրակաշառքների մրցապայքարի մասին, Արծվիկ Մինասյանը պատասխանեց, որ ընտրակաշառքների մասին լուրերը պետք է ստուգվեն, միայն լուրերը բավարար չեն, դրանք պետք է հիմնավորվեն: «Կարող են լինել նման լուրեր, բայց քաղաքացիների կողմից տրվող այդ տեղեկատվությունը պետք է ստուգեն: Մենք բոլորս պետք է անենք ամեն ինչ, որ այս բացասական երևույթները վերանան»:
Հարցին՝ արդյոք քարոզարշավի ընթացքում հնարավո՞ր է՝ քաղաքականացվի բնապահպանության ոլորտը, Արծվիկ Մինասյանը պատասխանեց. «Բնապահպանական խնդիրները միշտ քաղաքականացված են եղել և դա ճիշտ է, որովհետև շրջակա միջավայրի պահպանությունը, բարելավումը նաև սահմանադրական պահանջ է և չի կարող քաղաքականությունից դուրս լինել: Ուստի, ես ոչ միայն քաջալերում եմ, այլև կարծում եմ՝ գովելի է, որ քաղաքական ուժերը նաև իրենց մոտեցումները ներկայացնեն այս հարցում»:
Աղավնի Սուքիասյան