Ձյուդոիստներն ուսումնամարզական հավաք են անցկացնում Չեխիայում
ՍպորտՁյուդոյի Հայաստանի ազգային եւ երիտասարդական հավաքականների անդամներն ուսումնամարզական հավաք են անցկացնում Չեխիայի Նիմբուրգ քաղաքում: ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի փոխնախագահ Դավիթ Խիթարյանը հայտնեց, որ Չեխիա մեկնել է 7 մարզիկ.
«Եվրոպայի ձյուդոյի միությունն ուսումնամարզական հավաք է կազմակերպել «Բոլորս դեպի օլիմպիական ոսկի» խորագրով (մարտի 6-12): Մասնակցում են աշխարհի լավագույն հավաքականները: Արմեն Նազարյանի գլխավորությամբ Հայաստանից մեկնել է 4 մեծահասակ եւ 3 երիտասարդ: Օրվա ընթացքում մոտ 30 գոտեմարտ են անցնակցնում մարզիկները»,- ասաց Ֆեդերացիայի փոխնախագահը:
Չեխիայի հավաքին ազգային հավաքականից մասնակցում են Հովհաննես Դավթյանը եւ Հովհաննես Ալեքսանյանը (60 կգ), Ֆերդինանդ Կարապետյանը (73 կգ), Անդրանիկ Չափարյանը (81 կգ), իսկ երիտասարդներից' Գասպար Հայրապետյանը (55 կգ), Գեւորգ Խիթարյանը (81 կգ), Գրիգոր Սահակյանը (90 կգ):
Դավիթ Խիթարյանը նշեց, որ երիտասարդները վերադառնալուց հետո եւս մեկ հավաք կանցկացնեն Հայաստանում, ապա կմեկնեն Հունաստան' մասնակցելու Եվրոպայի բաց մրցաշարին: Սակայն դեռ հայտնի չէ, թե ովքեր կմեկնեն Աթենք:
«Մինչեւ ապրիլի 20-23-ը Լեհաստանում կայանալիք Եվրոպայի առաջնությունը, ազգային հավաքականը նույնպես Եվրոպայի բաց մրցաշար ունի: Այն անցկացվելու է Խորվաթիայի Դուբրովնիկ քաղաքում (ապրիլի 1-2) եւ օլիմպիական վարկանիշային կարգավիճակ ունի: Այնտեղ Հայաստանը կներկայացնեն Ֆերդինանդ Կարապետյանը եւ Գոռ Մկրտչյանը»,-ասաց Դավիթ Խիթարյանը:
Ֆեդերացիայի փոխնախագահը հայտնեց նաեւ, որ մարտի 15-29-ը պատանիներն ուսումնամարզական հավաք կանցկացնեն Աբովյանում: Թիմի կազմում կընդգրկվի մոտ 15 մարզիկ, երկուսն՝ աղջիկ: Պատանիները կպատրաստվեն իրենց տարիքային խմբի Եվրոպայի բաց մրցաշարին:
«Աշխարհի առաջնությունը վերջինների համար առաջին վարկանիշային մրցաշարը կլինի: Հույս ունենք, որ մեր մարզիկները վարկանիշային միավորներ ձեռք կբերեն եւ կկարողանան մասնակցել 2018 թվականի Բունեոս Այրեսի պատանեկան օլիմպիական խաղերին»,- նշեց Դավիթ Խիթարյանը: