Վիտալի Չուրկինը մահացել է սրտի կաթվածից. Associated Press


Նյու Յորքի քաղաքային իշխանություններն անանուն աղբյուրի միջոցով լրատվամիջոցներին հայտնել են Միավորված ազգերի կազմակերպությունում Ռուսաստանի Դաշնության մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինի մահվան պատճառը: Associated Press գործակալությանն անանուն աղբյուրն ասել է, որ դիվանագետը մահացել է սրտի կաթվածից:
Նյու Յորքի դատաբժշկական փորձաքննության գրասենյակը, հիշատակելով դիվանագիտական արարողակարգը, հայտարարել էր, որ չի հրապարակայնացնելու Չուրկինի մահվան պատճառը:
Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան դիմել էր ամերիկյան կողմին' պնդելով, որ ողջ տեղեկատվությունն այս հարցով փոխանցվի պաշտոնական խողովակներով' խուսափելով ԶԼՄ-ներում հնարավոր սպեկուլյացիաներից:
Վիտալի Չուրկինը մահացել էր 2017 թվականի փետրվարի 20-ին' 65 տարին լրանալուց մեկ օր առաջ: Նա ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցչի պաշտոնը զբաղեցնում էր գրեթե 10 տարի: