ՊԵԿ-ի դիմակը պատռվեց...

2017-03-15 20:30:00

Այն, որ Հայաստանում գործնականում երբևիցե չեն անցկացվել ընտրություններ՝ առանց իշխանությունների կողմից վարչաֆինանսական լծակների կոպիտ կիրառման, ցավալի, բայց անհերքելի իրողություն է: Թե ինչով է պայմանավորված այս երևույթն, առավել քան պարզ է, հասկանալի. առանց վարչական լծակների բիրտ կիրառման իշխող կուսակցության, ինչպես էլ այդ իշխող կուսակցությունը կոչվի, վերարտադրվելն ուղղակի անհնար է: Երկրում երբեք էլ դրախտային պայմաններ չեն եղել, ու միանգամայն բնական է, որ որպես ծանրագույն սոցիալական վիճակի հիմնական պատասխանատու հանրության մոտ ընկալվում է հենց իշխող կուսակցությունը:

Մամուլում հստակ տեղեկություններ են հայտնվել այն մասին, որ Հանրապետականի համար ձայներ «քերելու» գործին է միացել նաև ՀՀ կառավարությանն առընթեր Պետական եկամուտների կոմիտեն՝ ՊԵԿ-ը, ու հիմա ողջ հանրապետությունով մեկ ՊԵԿ համակարգի աշխատակիցներին կոնկրետ հրահանգվում է նախապատրաստական միջոցառումներ ձեռնարկել հառաջս ապրիլի 2-ի. հարկային ստորաբաժանումների տնօրենները բոլոր աշխատակիցներին հանձնարարում են՝ իրենց, ընտանիքի բոլոր անդամների, հարազատների ընտանիքների անձնագրերի տվյալները բերել-ներկայացնել ՊԵԿ:

Ցանկացած մեկն, ով համարձակություն է ունենում հակաճառել կամ ինքնաարտահայտվել ոչ հօգուտ ՀՀԿ-ի, ստիպում են ազատման դիմում գրել: Ավելին՝ ՊԵԿ ղեկավարությունն իր աշխատակիցներին յուրաքանչյուր ընտրատարածքում մատնացույց է անում նաև ՀՀԿ այն ռեյտինգային թեկնածուին, որին պետք է ընտրել:

Հիմա հարց է առաջանում՝ ինչպե՞ս կարող է այս ամենը, տեղի ունեցող այս յուրատեսակ տեռորը տեղավորվել ՊԵԿ-ի այն հանրային իմիջի շրջանակներում, որ փորձում են ամեն գնով ստեղծել այս կառույցի շուրջ՝ ջանալով հասարակությանը համոզել, թե իբր՝ հարկայինն այլևս նախկինը չէ, փոխվել է ու դեռ շարունակելու է բարեփոխվել: Ակնհայտ է, չէ՞, որ առաջադիմության օրրան հանդիսացող կառույցում չեն կարող նմանատիպ երևույթներ տեղ գտնել:

Հետևաբար՝ այս ամենը գեթ մեկ բանի մասին կարող է վկայել. ոչ մի իրական փոփոխություն էլ ՊԵԿ-ում տեղի չի ունեցել, իսկ այն բոլոր միջոցառումները, որոնք անցկացվում են ի տես բոլորի, ընդամենը մեկ նպատակ ունեն՝ դրական ֆոն ապահովել ընտրություններին ու ստիպել միամիտների հավատալու, թե վաղն ամեն բան այլ է լինելու, թե իբր՝ երկրում ողջ թափով բարեփոխումներ են ընթանում, ու եթե ժողովուրդը վստահության քվե տա իշխողներին, ապա այդ բարեփոխումների շարունակականությունը կերաշխավորվի:

Ցավոք, այս ամենը մեկ բան է փաստում՝ ոչ մի իրական ցանկություն՝ ինչ-որ բան փոխելու այս երկրում, իշխանավորները չունեն: Այն համակարգը, որ ներկայումս գործում է Հայաստանում, լիովին բավարարում է իշխող կուսակցության քաղաքական պահանջմունքներին ու երաշխավորում դրա վերարտադրությունը. մնացածը լոկ շոու է, ուրիշ ոչինչ:

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

 

Դիտվել է 12457 անգամ:

Լրահոս
24 Ապր
Ողջ լրահոսը...>>
Ամենաշատ ընթերցվածը