«Փաստ». Նախընտրական Շիրակ
Armenian Press«Փաստ» օրաթերթը գրում է.
«Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ Շիրակի մարզը, որպես ընտրական տարածք, ամենաանկանխատեսելին է։ Այստեղ իրական արդյունքներն իմանում են միայն ընտրությունների հաջորդ օրը։ Կարծում ենք, այդ առումով բացառություն չի լինի նաև այս ընտրությունները։ Սա հատկապես այն ֆոնին, երբ ընդդիմադիրները կամ ոչ իշխանական դաշտում գտնվողները կարծելով, թե Շիրակն ինքնին ընդդիմադիր է, շատ ռեսուրսներ ու ջանքեր չեն ծախսում այս մարզում։
Իրականում շիրակցին ընդդիմադիր է իշխանությանը և ոչ այդքան համակիր ընդդիմությանը։ Այս ֆոնին, առանձնապես ջանքեր չեն գործադրում նաև իշխանությունները կամ իշխանությունից առաջադրված ռեյտինգային թեկնածուները։
Մարզում խոսակցություններ են շրջանառվում, որ նրանք առանձնապես հակված էլ չեն ակտիվանալու և քարոզարշավ կազմակերպելու փոխարեն «քյաշ փող» են բաժանելու։
Գործոնների առումով, նրանք մարզը բաժանել են մի քանի հատվածների։ Այսպես, ՀՀԿ թիմը և այդ թիմում հիմնական «գործ անողները», կուսակցականները «դրված են» Արման Սահակյանի տրամադրության տակ։ Մեկ անգամ չէ, որ նրա թիմակիցները բաժանել են ընտրակաշառքներ՝ տարբեր բարեգործությունների ֆոնի տակ։ ՀՀԿ–ական մյուս թեկնածուի՝ Ֆելիքս Ցոլակյանի պարագայում, կարծես այդ փողի գործոնը դեռ բացակայում է։ Նեղ շրջապատում Ցոլակյանը պնդել է, թե եթե իրեն հարգում և ընդունում են, ուրեմն կընտրեն։ Ցոլակյանին աջակցում են հատկապես ուժայինները և գյուղապետերի մի զգալի մասը։
Հիշեցնենք, որ նա ԱԱԾ գեներալ է։ Մարտուն Գրիգորյանը առաջ է շարժվում հիմնականում իր ռեսուրսների հաշվին և ունի մի շարք հեղինակությունների աջակցություն։ Նույն վիճակն է նաև մարզի մյուս քաղաքներում։ Միակ հետաքրքրությունն այս առումով ներկայացնում է Արթիկը։ Քաղաքի հանրապետական քաղաքապետի եղբայրը՝ Վարագյանների տոհմից, առաջադրվել է Դաշնակցության ցուցակով։ Ստացվել է այնպես, որ հանրապետականների այդ թիմն այժմ չի աշխատելու արթիկցի մեկ այլ՝ վերջերս հանրապետական դարձած Պետոյան Մուշեղի համար։ Ընդհակառակը, նրանք փորձելու են ապահովել դաշնակցության հաղթանակն Արթիկում։
Մարզում ավանդականորեն ուժեղ է համարվում նաև ՀՎԿ–ն։ Սակայն նախնական արդյունքները ցույց են տալիս, որ այդ կուսակցության առաջնորդի հեղինակազրկված քաղաքականության պտուղները հասել են նաև Շիրակի մարզ։ Հանրապետականին լուրջ դիմադրություն կարող է ցույց տալ «Ծառուկյան» դաշինքը։ Հատկապես, այդ դաշինքի ռեյտինգային թեկնածուներ Վարդևան Գրիգորյանը և Վարդան Ղուկասյանը։ Տարօրինակ դիտարկենք, թե ոչ, նրանք երկուսն էլ ունեն իրենց կայուն ընտրազանգվածը։
Հատկապես երկրորդի պարագայում, զգացվում է հասարակության մի մասի անթաքույց կարոտ դեպի Վարդան Ղուկասյանի էքստցենտրիկ կերպարին։ Իսկ Վարդևան Գրիգորյանը այն եզակիներից է, որ Գագիկ Ծառուկյանի հեռանալուց հետո, դուրս չեկավ կուսակցությունից։ Ավելին ՝ նա տարավ իր կուսակցությունը ՏԻՄ ընտրությունների և գրանցեց զգալի արդյունքներ։
«ՕՐՕ» դաշինքը, չնայած իր շուրջ համախմբել է մարզի նախկին պաշտոնյաներից ոմանց, բայց ինչպես հանրապետության մյուս մարզերում, այնպես էլ այստեղ, որևէ հավակնություն դեռ չի կարող ունենալ։
«ԵԼՔ» դաշինքն ընդհանրապես աչքի չի ընկնում որևէ քարոզչությամբ։ Նրանք թերևս սպասում են Երևանից ծանր հրետանու ժամանելուն, սակայն դա չի կարող ունենալ էական ազդեցություն ։
ՀԱԿ–ՀԺԿ թիմը բավականին ակտիվ է նախընտրական պաստառների և համայնքային հանդիպումների մասով։ Սա այդ թիմին առանձնացնում է մյուս արմատական հայտարարված ընդդիմադիրներից։ Դե, կոմունիստների մասին էլ մարդիկ աղոտ նոստալգիայով են հիշում։
Բավականին վատ է վիճակը լուսաբանող մարզային հեռուստաալիքների մասով։ Դրանք գրեթե չունեն անվճար եթեր և նախընտրական իրական լուսաբանմամբ զբաղվելու փոխարեն զբաղված են փող աշխատելով։ Հավասար եթերային հնարավորությունների դեպքում, շատ ուժեր կարող էին մրցակցել իշխող հանրապետականի հետ։ Առայժմ դա չկա»։
Շարունակությունը' «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: