Մարդը...
AnalyticalԵրեկ «Արմենիա» բժշկական կենտրոնում մահացել է նախորդ տարի հուլիսյան դրամատիկ իրադարձությունների օրերին ՊՊԾ գնդում գտնվող «Սասնա ծռեր» ջոկատի տղաներին սնունդ հասցնելու համար «Հաց բերող» մականունը ստացած Արթուր Սարգսյանը: «Հաց բերողը» գիտակցաբար, իր գաղափարական համոզմունքներին հավատարիմ, կատարեց քայլեր՝ առանց վարանելու, առանց ամպագորգոռ հայտարարությունների: Առանց սպասելու գործեց, հաղթեց ու անձնազոհվեց՝ մեզ թողնելով օրինակը, թե ինչպիսին պիտի լինի իր երկրի արժանապատիվ քաղաքացին ու տերը։
Մի քիչ անհասկանալի է այս մարդու հոգեբանությունը մեր' սովորական մարդկանց տեսակետից: Բայց այդ մարդը կա ու արեց այդ ամենը: Նշանակում է՝ հենց այսպիսի մարդկանց կերպարն է, որոնց շուրջ ստեղծվում են առասպելները: Եվ այդ առասպելներն են, որ դառնում են տվյալ ազգի բարոյական, արժեքային կնիքը:
«Հաց բերողի» մահը չի կարող չունենալ քաղաքական հետևանքներ: Արդեն իսկ պարզ է, որ վերջինիս մահը ոչ միայն բժիշկների ոչ պրոֆեսիոնալիզմի, այլև արդարադատության անկատար համակարգի արդյունք է: Նրա երկրորդ կալանքը, որը լիովին ապօրինի էր, որի դեմ՝ որպես ծայրահեղ բողոք, նա ընտրեց հացադուլը, հանգեցրեց նման տխուր հետևանքի: Արթուրի հիվանդությունը անհամատեղելի էր կալանքի տակ գտնվելու հետ, մինչդեռ պատկան մարմիններն աչք փակեցին այդ հանգամանքի վրա: Պարզապես՝ «Հաց բերողի» և նրանց պատկերացումները մարդասիրության մասին՝ խիստ տարբեր էին: Փոխվել է նաեւ մեկ կարեւոր բան՝ հասարակության այն մասը, որը չի ուզում մասնակցել իշխանության թելադրած խաղին, չէր գտնում ոչ մի գաղափար, որի շուրջ կարելի էր համախմբվել։ «Հաց բերողը» խորհրդանշել է բոլորի համար հասկանալի գաղափար՝ հումանիզմ։
«Հաց բերողի» մահը որևէ քաղաքական ուժի շահերից չէր բխում, և դա առանձնահատուկ կերպով վերաբերվում է իշխանություններին՝ նախընտրական այս փուլում, երբ նրանց կողմից ամեն ինչ արվում է հանրության շրջանում դրական իմիջի ձևավորման համար, նման բացասական հասարակական ռեզոնանս առաջացնող իրադարձությունները ուղղակիորեն հարվածում են հենց իշխանություններին՝ էլ ավելի բորբոքելով ընդդիմադիր տրամադրություններ ունեցող ընտրազանգվածին և նրանց մղելով ակտիվ գործողությունների: Չի բացառվում որ այդ գործողություններին մոտ ապագայում ականատես դառնանք, քանի որ նման իրավիճակներում, երբ հասարակական-քաղաքական դաշտում լատենտ լարվածություն է նկատվում, նման իրադարձությունները կարող են դառնալ շատ ավելի լուրջ գործընթացների կատալիզատոր:
Միևնույնն է, ինչպիսին էլ լինեն նրա անվան շուրջ պտտվող և պտտվելիք քաղաքական նպատակները, նրա՝ կամա, թե ակամա անձնազոհաբար դրսևորած ազդակը հասարակությանը հասել է և էլ ավելի է ամրապնդվելու իբրև արժեք և մտածողություն՝ բոլոր քաղաքական նախասիրություններից և փորձերից վեր, որևէ քաղաքական շահարկման չենթարկվող, երբ դրա շահարկումն առաջինը պետք է հարվածի հենց շահարկողներին:
Հուլիսյան լարված օրերին Արթուրն ապացուցեց, որ այսօրվա հերոսները ամբիոններից բաժակաճառեր հնչեցնողները չեն, պոռոտախոսները չեն և ոչ էլ հայրենասիրության մասին ամպագորգոռ հայտարարություններ անողները: Մերօրյա իրական հերոսները արթուրներն են՝ մարդիկ ովքեր խոնարհ ու առանց ավելորդ ցուցամոլության՝ ծառայում են սեփական ժողովրդին, ծառայում են գաղափարով և հանուն գաղափարի՝ անգամ իմանալով գինը, որը դրա դիմաց կարող են վճարել: Պետության հիմքում Արթուրի նմաններն են, և երբ նրանցից մեկը հեռանում է՝ թուլանում են պետության հիմքերը:
Հաց բերողի կերպարը սկիզբ է դրել մեր հասարակության զարթոնքին՝ հանրությունը կարծես արթնանում է անտարբերության այն թմբիրից, որի մեջ պարփակված էր այս տարիների ընթացքում: Մեր մեջ կրկին գերակա է դառնում մարդկային արժեքը և դա՝ ի շնորհիվ Արթուրի անձնազոհության: Նա ոչ սովորական առաքելություն ունեցավ․․․գնաց՝ խիղճը ու ավելի լավ Հայաստան ունենալու համար պայքարի դրոշը թողնելով բոլորիս․․․
Ստելլա ԽԱՉԱՏՐՅԱՆ