Մեզանից բարոյականությունն ու սերը պակասեց. Հաղթանակ Շահումյան
SocietyԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում նկարիչ Հաղթանակ Շահումյանն իր ափսոսանքը հայտնեց Արթուր Սարգսյանի մահվան կապակցությամբ՝ հատուկ ընդգծելով, որ մեզանից հեռացավ ժողովրդի կողմից սիրված մարդ. «Հայ մարդ է մահացել, և ոչ սովորական, մի մարդ, նա ժողովրդի կողմից շատ սիրված էր իր բարության համար: Բնական է, որ Արթուր Սարգսյանի հետ կատարվածն ու նրա մահն այդպիսի բուռն բողոք առաջացրեց երիտասարդության մոտ, չէ՞ որ Արթուր Սարգսյանի անվան հետ կապված է շատ բարի գործ: Եկեք հիշենք, որ ամբողջ գիտական աշխարհում ընդունված է, որ հացը հայերն են ստեղծել, հացը մեր երկրի խորհրդանիշն է: Կարծում եմ՝ այս դեպքը չի մոռացվի, քանի որ պատմության մեջ եզակի անհատներ են լինում, ովքեր այդքան շատ են սիրվում հասարակության կողմից»:
Անվանի նկարիչը նշեց, որ ակտիվորեն հետևում է համացանցում կատարվող իրադարձություններին և հասկանում զայրացած այն քաղաքացիների պահանջն ու բողոքն, ովքեր ցանկանում են առողջապահության և արդարադատության նախարարների հրաժարականները. «Հասկանում եմ մեր քաղաքացիներին: Բայց չէ՞ որ շատերն, ովքեր եղել են իշխանության ղեկին, տեսնել են և շարունակում են տեսնել, որ երկրի վիճակը վատ է, և մենք բոլոր ասպարեզներում հետընթաց ենք ապրում: Բայց ինձ համար ամենավատն այն է, որ բարոյական կորուստ ենք ապրում: Մեզանից հենց այդ բարոյականությունն ու սերը պակասեց»:
Հաղթանակ Շահումյանի խոսքով՝ Արթուր Սարգսյանի մահը կդառնա սերունդների դաստիարակման օրինակ, քանի որ հանրության գիտակից հատվածն իր երեխաներին կդաստիարակի նաև Արթուր Սարգսյանի օրինակով: Մեր զրուցակցի համոզմամբ՝ Արթուր Սարգսյանը խորհրդանիշ կդառնա ողջ հայ հասարակության համար:
Հիշեցնենք, որ երեկ «Արմենիա» բժշկական կենտրոնում մահացել է նախորդ տարի հուլիսյան դրամատիկ իրադարձությունների օրերին ՊՊԾ գնդում գտնվող «Սասնա ծռեր» ջոկատի տղաներին սնունդ հասցնելու համար «Հաց բերող» մականունը ստացած Արթուր Սարգսյանը:
Աղավնի Սուքիասյան