Իշխանություններն ամբողջ օրն ասում են՝ գյուղացու համար ծրագրեր ունենք. ո՞ւր են այդ ծրագրերը, բացե՛ք փակագծերը...

2017-03-18 17:10:11

Այսօր կայացավ «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի կազմակերպած կլոր սեղան-քննարկումը՝ նվիրված խորհրդարանական ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի տնտեսական ծրագրերին։ Քննարկմանը մասնակցում էին տնտեսագետներ, ԵՊՀ տնտեսագիտության դասախոսներ, պրոֆեսորներ և այլ պաշտոնյաներ:

ֆերմերների միության նախագահ Սարգիս Սեդրակյանը, խոսելով գյուղատնտեսական խնդրիների մասին, առանձնացրեց հատկապես գյուղացիներին տրվող էժան վարկերի հարցը. «Գյուղացին իրեն պաշտպանված չի զգում, գնում է բանկ էժան վարկեր վերցնելու համար, սակայն պարզվում է, որ մինչ իր այնտեղ հասնելն, այդ փողն արդեն վերջացել է: Բա, եթե գյուղացուն դա չի հասնում, ո՞ւմ է հասնում: Չէ՞ որ այդ ցածր տոկոսներով վարկերը մեր արտաքին պարտքն են ավելացնում և անարդյունք»:

Սարգիս Սեդրակյանը նկատեց, որ գյուղացուն տրվում են դատարկ խոստումներ, մինչդեռ պետք է կանգնել նրա կողքին և որևէ մոդել առաջարկելուց առաջ՝ հաշվի առնել մեր երկրի առանձնահատկությունները և հայ գյուղացու իրական խնդիրները. «Պետությունն իր ձեռքերը լվացել է, հեռու է քաշվել հայ գյուղացուց, մինչդեռ պետությունը պետք է ստեղծեր պայմաններ, ոչ թե հրաժարվեր այդ բեռը կրելուց: Իշխանություններն ամբողջ օրն ասում են, թե գյուղացու համար ծրագրեր ունեն, բայց ո՞ւր են այդ ծրագրերը, բացե՛ք փակագծերը, հասկացրե՛ք գյուղացուն, որ չթողնի և չարտագաղթի մեր երկրից»,-շեշտադրում արեց Սարգիս Սեդրակյանը՝ քննարկման մասնակիցների ուշադրությունը հրավիրելով գյուղատնտեսության զարգացմանը խոչընդոտող խնդիրների և դրանց լուծման ուղիների վրա: 

Աղավնի Սուքիասյան 

 

Դիտվել է 1164 անգամ:

Լրահոս
23 Ապր
Ողջ լրահոսը...>>
Ամենաշատ ընթերցվածը