Հրաժարվում են…

2017-03-19 13:00:03

Այն, որ Հայաստանի առողջապահության համակարգն աշխարհում ամենևին էլ կատարյալներից չէ, դժվար թե գտնվի մեկը, ով կկարողանա հերքել: Իսկ այս իրողության ճշմարտացիության մեջ համոզվելու համար հարկավոր է ընդամենը կյանքում մեկ անգամ հաճախած լինել, ասենք, ցանկացած տարածքային պոլիկլինիկաներից մեկը, որպեսզի պարզ դառնա` մեր եկրում առողջապահական համակարգը կայացնելու առումով դեռ շատ բան կա անելու:

Մեկ բան է, սակայն, երբ այս կամ այն ոլորտը հեռու է լինում կատարելությունից, և բոլորովին այլ բան, երբ օտարացած է լինում մարդկային ամեն ինչից:

Մասնավորապես, հաճախ ենք ականատես լինում, թե ինչպես են քաղաքացիները բողոքում սեփական իրավունքների ոտնահարումից` աշխարհի ամենամարդասիրական համակարգերից մեկը համարվող առողջապահության ոլորտում. գրեթե բոլոր բուժհաստատություններում ՀՀ քաղաքացիներին մերժում են պետպատվերի շրջանակներում օգնություն ցուցաբերել, հրաժարվում են անգամ ախտորոշել`պատճառաբանելով, թե այլևս ծախսել են նախատեսված պետպատվերը, իսկ հերթագրումներն էլ փետրվար, մարտ ամիսներին կատարում են օգոստոսի կամ սեպտեմբերի համար: Մի խոսքով` կատարյալ քաոս` պետպատվերի համակարգում:

Հայաստանում հատկապես վերջին շրջանում հաճախակիացել են խոսակցություններն այն մասին, որ այժմ գործող իրեն վաղուց սպառած համակարգը պետք է փոխարինվի շատ ավելի արդյունավետ սիստեմով: Ի դեպ` քաղաքական ուժերից առաջինն այդ մասին խոսել էր «Ծառուկյան» դաշինքը `առաջարկելով ներդնել սերտիֆիկատների համակարգը, երբ քաղաքացուն պետության կողմից տրվում է համապատասխան փաստաթուղթ, ուր նախապես նշված է լինում այն գումարի չափը, որի շրջանակներում մարդը կարող է պետությունից անվճար բժշկական օգնություն ստանալ: Դատելով վերը նկարագրվածից` նոր համակարգին անցումն այլևս կենսական անհրաժեշտության է վերածվել ու ներկա սիստեմի փոխարինումը նորով անխուսափելի է դարձել. մարդկանց դատապարտել մահվան միայն այն պատճառով, որ համակարգն օբյեկտիվորեն ժանգոտել է, անթույլատրելի է, ու պետք է սրա դեմն առնել:

Թե ինչ ելք կունենա պետպատվերի հետ կապված այս ողջ պատմությունն, իհարկե, ցույց կտա ժամանակը, բայց անկասկած է, որ այն այլևս սպառել է իրեն. խնդիը ձեռք է բերում կենաց-մահու նշանակություն, ինչը Առողջապահության նախարարությունում ուղղակի չեն կարող հաշվի չառնել:

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

Դիտվել է 6297 անգամ:

Լրահոս
23 Մար
Ողջ լրահոսը...>>
Ամենաշատ ընթերցվածը