Միջազգային բլոգերների այցը նպաստում է Արցախի միջազգային ճանաչելիությանը. Ռուբեն Մելիքյան

2017-03-20 17:32:09

Արցախի Հանրապետությունում մարտի 19­-21­-ը տեղի ունեցող բլոգերների միջազգային ֆորումին մասնակցում են շուրջ 30 բլոգերներ՝ 11 երկրից: Ֆորումի գլխավոր թեմաներն են՝ հակամարտությունների ներկայացումը սոցիալական մեդիայում և բլոգերների ու լրագրողների ազատությունների ապահովումը: 

Ֆորումը վարում են ԱՀ վարչապետի մամուլի խոսնակ Արտակ Բեգլարյանը և մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը: Համաժողովի դրդապատճառը հանդիսացել է ռուս հայտնի բլոգեր Լապշինի արտահանձնումը:

Այս բլոգերները նույնպես կհայտնվեն Ադրբեջանի «սև ցուցակում», քանի որ այցելել են Արցախ: Իսկ Ադրբեջանն, ինչպես հայտնի է, բոլորին, ովքեր այցելում են Արցախ, «սև ցուցակ» է գցում: Պետք է նշել, որ միջազգային բլոգերներն այս փաստից ահաբեկված չեն, անգամ աչքի առաջ ունենալով բլոգեր Լապշինի գործը: 

ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում Արցախի մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը փաստում է. «Ինչպես և ասում էինք, բլոգեր Լապշինի գործը չէր կարող նախադեպ լինել Արցախ չայցելելու կամ վախի մթնոլորտ ստեղծելու համար, այլ՝ ընդհակառակը: Ոչ միայն ես, այլև Արցախի տարբեր պաշտոնյաներ հանդես էինք եկել հայտարարություններով՝ տարբեր շեշտադրումներով, բայց դրանցում մեկ բան ընդհանուր էր. Լապշինի գործը, մեծ հավանականությամբ, կդառնա ոչ թե Արցախ՝ այցելությունները սահմանափակելու, այլ՝ հակառակ նախադեպ: Լրագրողական և իրավապաշտպան համայնքների շրջանակներում ակնհայտ մեծացել է հետաքրքրությունը Արցախի նկատմամբ: Մենք հիմա տեսնում ենք դրա դրսևորումները: Մեր կանխատեսումները իրականություն են դառնում»: 

Մելիքյանի խոսքով՝ Լապշինի արտահանձնումից հետո Արցախում տեղի ունեցավ սահմանադրական հանրաքվեն, որին մասնակցեցին մեծ թվով միջազգային դիտորդներ: Այսինքն՝ Լապշինի գործից հետո սա առաջին դեպքը չէ, որ միջազգային փորձագետներ են այցելում Արցախ: «Ես կարող եմ հավաստել, որ լրագրողական և իրավապաշտպան կազմակերպությունների հետաքրքրությունը մեծացել է Արցախի նկատմամբ: Դա էր ցույց տալիս նաև ԱՄՆ իմ այցելությունը, որի ժամանակ հանդիպումներ ունեցանք իրավապաշտպան մի շարք կառույցների հետ: Այս առումով՝ հատկանշական է, որ հենց բլոգերներն են այցելել Արցախ՝ ի համերաշխություն իրենց գործընկերոջ, քանի որ Լապշինն ինքը բլոգեր էր»,- շեշտեց մեր զրուցակիցը: 

Մեր հարցին՝ ի՞նչ վտանգներ է սպառնում Արցախում գտնվող բլոգերներին, Ռուբեն Մելիքյանը պատասխանեց. «Ես՝ որպես Մարդու իրավունքների պաշտպան, իրավունք չունեմ ասելու, որ բլոգերներին վտանգ չի սպառնում Ադրբեջանի քաղաքականության մասով: Բայց, միևնույն ժամանակ, ես հասկանում եմ, որ նրանք բոլորն էլ չափահաս մարդիկ են և գիտակցում են՝ Ադրբեջանի ոչ իրավաչափ քաղաքականությունը, և որոշումներ կայացնելիս դա հաշվի են առել: Նրանք նաև հաշվի են առել այն հանգամանքը, որ Ադրբեջանը գտնվում է բավական բարդ իրավիճակում և դժվար է գտնել իրավիճակից դուրս գալու հնարավորությունը»: 

Արցախի օմբուդսմանի վստահեցմամբ՝ միջազգային բլոգերների այցը կարող է նպաստել Արցախի միջազգային ճանաչելիության գործընթացին: «Մարդիկ այցելում են Արցախ, ավելի լավ են պատկերացնում այն, տեսնում են իրական վիճակը: Այն, որ Արցախը բավական կայուն զարգացող իրավական համակարգ և մեծ ձգտումներ ունեցող հանրություն է, որը շատ լավ հասկանում է իր նպատակները, դրանց համար ժողովրդավարական պետականություն կառուցելու անհրաժեշտությունը, մեծ հաշվով նպաստում է Արցախի միջազգային ճանաչելիությանը և նույնիսկ Արցախի ժողովրդավարացմանը»,- իր խոսքը եզրափակեց Արցախի մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը: 

Քրիստինա Աղալարյան 

Դիտվել է 518 անգամ:

Լրահոս
23 Ապր
Ողջ լրահոսը...>>
Ամենաշատ ընթերցվածը