Պետական աջակցություն կարող են ակնկալել խնամքի ծառայություններ մատուցող հավաստագրված հասարակական կազմակերպությունները

2017-03-20 18:02:25

Սոցիալական ծառայություններ տրամադրող հասարակական կազմակերպությունները 2017 թվականի հունվարի 1-ից պետական աջակցությամբ իրականացվող ծրագրերում կարող են ընդգրկվել ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված կարգով տվյալ սոցիալական ծառայություն տրամադրելու գործունեությունը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում հավաստագրելու դեպքում: Այս մասին տեղեկացրին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:

Հավաստագրման ենթակա են սոցիալական ծառայության տրամադրման գործունեության հետևյալ տեսակները՝

1) տարեց և (կամ) 18 տարին լրացած հաշմանդամություն ունեցող անձանց խնամքը՝

ա. տնային պայմաններում,

բ.բնակչության սոցիալական պաշտպանության ընդհանուր տիպի հաստատություններում,

գ. բնակչության սոցիալական պաշտպանության հատուկ (մասնագիտացված) հաստատություններում,

դ. սոցիալական հոգածության ցերեկային կենտրոններում.

2) երեխաների (այդ թվում՝ առանց ծնողական խնամքի մնացած, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող երեխաների) խնամքը՝

ա. տնային պայմաններում,

բ. բնակչության սոցիալական պաշտպանության ընդհանուր տիպի հաստատություններում,

գ. բնակչության սոցիալական պաշտպանության հատուկ (մասնագիտացված) հաստատություններում,

դ. բնակչության սոցիալական պաշտպանության խնամքի գիշերօթիկ հաստատություններում,

ե. սոցիալական հոգածության ցերեկային կենտրոններում.

3) որպես ժամանակավոր օթևան կացարանով ապահովելը'

ա. որոշակի բնակության վայր չունեցող անձանց,

բ. ընտանեկան բռնության ենթարկված անձանց:

Սոցիալական ծառայություններ տրամադրելու գործունեության հավաստագրման գործընթացը կազմակերպելու, հավաստագրման և հավաստագրումը մերժելու մասին եզրակացություններ տրամադրելու նպատակով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հրամանով փետրվարի 16-ին նախարարությունում ստեղծվել է հավաստագրման հանձնաժողով:

Շահագրգիռ կազմակերպությունները հավաստագրման գործընթացի, հավաստագրման համար պահանջվող փաստաթղթերի և իրենց հետաքրքրող այլ հարցերի մասին կարող են տեղեկանալ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կայքից հետևյալ հղումով՝ http://www.mlsa.am/up/768-N.pdf (ՀՀ կառավարության 2015թ. սեպտեմբերի 10-ից «Սոցիալական ծառայություններ տրամադրելու գործունեության հավաստագրման դեպքերը և կարգը հաստատելու մասին» N 1078-Ն որոշում):

Դիտվել է 76 անգամ:
Առաջարկում ենք նաև
Դիտել ավելին

Լրահոս
27 Մար
Ողջ լրահոսը...>>
Ամենաշատ ընթերցվածը