«Փաստ». Հայաստանը մասնակցելո՞ւ է Վրաստանում կայանալիք ՆԱՏՕ–ի զորավարժություններին
Armenian Press«Փաստ» օրաթերթը գրում է.
«Հուլիսի վերջին Վրաստանում անցկացվելու են Noble Partner 2017 զորավարժությունները: ՆԱՏՕ–ի այս զորավարժությանն առաջին անգամ մասնակցելու է նաև Հայաստանը: Ինչպես մեզ հետ զրույցում նշեց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը, ցանկացած զորավարժությանը մասնակցությունն իրականացվում է ռազմական համագործակցության կոնկրետ ծրագրերի շրջանակներում: «Հիմա համագործակցության այնպիսի ֆորմատներ, համաձայնություններ կան, որ այս անգամ մասնակցելու ենք»,– ասաց Ա. Հովհաննիսյանը' մեկնաբանելով այն հանգամանքը, որ նախորդ երկու Noble Partner զորավարժություններին Հայաստանը չի մասնակցել:
Ըստ Վրաստանի պաշտպանության նախարարության հաղորդագրության, զորավարժություններին մասնակցելու են ՆԱՏՕ–ի անդամ և դաշինքի գործընկեր 11 երկրներ' Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Իսպանիան, Ռումինիան, Թուրքիան, Սլովենիան, Վրաստանը, Ադրբեջանը, Ուկրաինան և Հայաստանը:
Noble Partner 2017 զորավարժություններն անցկացվելու են Թբիլիսիից ոչ հեռու գտնվող Վազիանիի ռազմակայանում:
Վրաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդել է, որ զորավարժությունների նպատակն է ամրապնդել ՆԱՏՕ–ի և գործընկեր երկրների համագործակցությունը, խորացնել տարածաշրջանային և բազմազգ գործընկերությունը, ինչպես նաև ուժեղացնել Վրաստանի պաշտպանունակությունը:
– Տեղեկատվություն կա, որ զորավարժություններին մասնակցելու են նաև Ադրբեջանը և Թուրքիան: Այս մասով Հայաստանը վերապահումներ կարո՞ղ է ունենալ:
– Միջազգային համագործակցության շրջանակներում Հայաստանը շատ անգամներ է մասնակցել տարբեր զորավարժությունների, որոնց մասնակցել են նաև Ադրբեջանն ու Թուրքիան: Հայաստանը երբեք որևէ տեսակի կաշկանդվածություն կամ որևէ խնդիր չի ունեցել: Հակառակ կողմն է միշտ փորձել դրանից սկանդալներ հրահրել:
– Դե, թեկուզ անվտանգության նկատառումներից ելնելով, հաշվի առնելով Բուդապեշտի դեպքերը:
– Այնուամենայնիվ, Հայաստանը նման խնդիրներ չունի: Իհարկե, ցանկացած ընդունող կողմ այդ հարցին պետք է պատշաճ ուշադրություն դարձնի' սեփական վարկանիշից և այլ հարցերից ելնելով: Բայց կոնկրետ Հայաստանը նման խնդիր չունի:
– Անցած տարի ՌԴ–ն դեմ էր եղել այդ զորավարժություններին' դրանք համարելով տարածաշրջանի իրադրությունն ապակայունացնող սադրանք…
– Քաղաքական հարց եք տալիս, որը մեր գերատեսչության պատասխանելիքը չէ:
– Իմ հարցը հետևյալն է: Հայաստանը հաշվի առնելո՞ւ է իր ռազմավարական դաշնակցի կարծիքը' զորավարժություններին մասնակցությանը համաձայնություն տալիս:
– Ռազմավարական դաշնակցի հետ ինչ–որ բան համաձայնեցնել–չհամաձայնեցնելը ռազմաքաղաքական հարթության խնդիր է, ոչ թե բանակի հարցն է: Մեր երկրի ռազմաքաղաքական ղեկավարությունը այդ բոլոր հարցերը հաշվի է առնում, իսկ ես իրավասու չեմ նման հարցերի պատասխանել»:
Շարունակությունը' «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: