NASA-ն ցուցադրել է, թե «Դեբի» ավերիչ ցիկլոնն ինչ տեսք ունի տիեզերքից
ԱյլNASA-ն հրապարակել է «Դեբի» ցիկլոնի տեսագրությունը, որը նկարահանվել է Միջազգային տիեզերակայանից: Տեսահոլովակը զետեղված է օդատիեզերական գործակալության YouTube-ալիքում:
«Դեբի» արեւադարձային ցիկլոնն Ավստրալիայի հյուսիս-արեւելքում մոլեգնել է մարտի 28-ին: Ազգային օդերեւութաբանական բյուրոյի տվյալներով՝ էպիկենտրոնում քամու արագությունը հասել է ժամում 260 կիլոմետրի:
Երկրի իշխանությունները հայտնել են, որ քամու պոռթկումներն ընդարձակ սողանքների պատճառ են դարձել Քվինսլենդի նահանգում, ավելի քան 30 հազար տեղացի բնակիչներ հարկադրված են եղել լքելու տները:
Ցիկլոնը պատճառել է լուրջ ավերածություններ, ինչպես նաեւ առաջացրել է տեղատարափ անձրեւներ:
Մարտի 29-ին տարերքից տուժած տարածաշրջանում, օդերեւութաբանների կանխատեսմամբ, կտեղա 250 միլիմետր անձրեւ:
Իշխանությունները նշում են, որ վտանգի գոտում է հայտնվել ծովեզերքի՝ 1300 կիլոմետր երկարությամբ տարածքը: Տարերքի հետեւանքով երկրի հյուսիս - արեւելքում տասնյակ հազարավոր տներ մնացել են առանց էլեկտրականության, հաղորդել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: