Ընտրախախտումների վերաբերյալ 45 հրապարակումից 40-ն իրականությանը չեն համապատասխանում. Դատախազություն
ՀասարակությունՀՀ գլխավոր դատախազությունում ստեղծված աշխատանքային խումբը մարտի 21-ից 29-ն ընկած ժամանակահատվածում ուսումնասիրել է ընտրական իրավախախտումների վերաբերյալ մամուլի 207 հրապարակում, որոնցից առերեւույթ ընտրական բնույթի հանցագործության հատկանիշներ պարունակել են 45-ը:
Ինչպես տեղեկացնում են դատախազության հանրային կապերի բաժնից, նշված 45 հրապարակումներն ուղարկվել են ՀՀ ոստիկանության տարածքային բաժիններ` դրանցով ստուգողական գործողություններ կատարելու նպատակով, որի արդյունքում 45 հրապարակումներից 40-ով դրանցում նշված հանգամանքները հերքվել են կամ չեն հաստատվել, իսկ մյուսներով ստուգողական գործողությունները շարունակվում են: Նշված 45 հրապարակումներից 37-ը վերաբերել են առերեւույթ ընտրակաշառք տալուն, 8-ը՝ քաղաքացու ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելուն:
«Աշխատանքային խմբի կողմից ուսումնասիրված եւ իրավապահ մարմինների կողմից համապատասխան գնահատականի արժանացած դեպքերի եւ Վ. Հոկտանյանի կողմից հրապարակված դեպքերի համադրման, դրանց վերաբերյալ ստուգողական գործողություններ կատարված չլինելու դեպքում այդպիսիք նախաձեռնելու եւ համապատասխան գնահատականի արժանացնելու նպատակով ՀՀ գլխավոր դատախազությունը նամակով դիմել է Վ. Հոկտանյանին՝ վերջինիս կողմից հրապարակված դեպքերի վերաբերյալ տեղեկատվությունը ՀՀ գլխավոր դատախազություն փոխանցելու առաջարկով»,- ասված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ մարտի 29-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը հայտարարել էր. «Հակակոռուպցիոն կենտրոնը Հանրապետության 12 քաղաքներում կատարված ուսումնասիրությունների արդյունքում պարզել է, որ սույն թվականի մարտի 13-ից 24-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է ընտրակաշառքի բաժանման կամ խոստման 45 դեպք: Կաշառք են բաժանել կամ խոստում են տվել հանրապետականներն ու «Ծառուկյան» դաշինքի ներկայացուցիչները: Գրանցվել են նաեւ ճնշումների, սպառնալիքների 9 դեպք»: