Ալիևին նեղացրել են...
АналитическийԻնչպես և սպասվում էր մեր արևելյան հարևանը ակնհայտորեն ծանր տարավ ճակատագրի այն դառը հարվածը, որը հասցրեց վերջինիս ՀԱՊԿ-ը՝ Հայաստանի ներկայացուցչին նշանակելով սույն կառույցի գլխավոր քարտուղար:
Ադրբեջանական ողջ մամուլը` haqqin.az-ի գլխավորությամբ, ողջ օրը զբաղված են վիրավորվածի կերպարի ձևավորմամբ, ինչը կարելի է ներկայացնել հետևյալ կերպ՝ «դե որ այդպես է, ուրեմն մեր համար ՀԱՊԿ և ԵՏՄ անդամակցության հարցը այլևս փակ է»: Այլ խնդիր է, թե երբ է այդ հարցը իրականում ռեալ կերպով քննարկվել ադրբեջանական ղեկավարության կողմից: Թերևս երբեք:
Որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ Ռուսաստանn Ադրբեջանի համար ընդամենը պահեստային տարբերակ է, մինչդեռ կրտսեր սուլթանի մտքերը ամբողջությամբ արևմուտքի հետ են: Այդ դեպքում ինչ է նշանակում Բաքվի այս համատարած հիստերիան, որին այսօր ողջ օրվա ընթացքում ականատես ենք լինում: Ալիևը սույն կերպով թիրախավորել է ներքին և արտաքին լսարանը՝ նպատակ ունենալով կարևոր մեսիջ փոխանցել վերջիններիս:
Մի կողմից, անշուշտ այս հոխոռտոցը ուղղված էր «տոնի մեղավորներին»: Բաքուն այս կերպ փորձում է արդարացնել Լավրովի հրավերները անարձագանք թողնելը: Պատճառն էլ, բնականաբար, ըստ կրտսեր սուլթանի, ավելի քան հարգելի է, որտեղ ղեկավար պաշտոններ ունեն հայերը, այնտեղ մենք անելիք չունենք: Իրապես մեր հարևանները ծանր են տարել ըստ իրենց՝ «Պուտինյան ՆԱՏՕ-ի» ղեկավարի պաշտոնում հայազգի գեներալ Յուրի Խաչատուրովի նշանակում: Սակայն, եթե իրերին նայենք օբյեկտիվորեն ՝ իսկապես ՀԱՊԿ-ում և ԵՏՄ-ում Ադրբեջանը չի դիտվի:
Բայց ողջ խնդիրը նրանում է, որ Ադրբեջանի չի դիտվի նաև ԵՄ-ում: Դժվար թե կոռուպցիայի մեջ թաղված, կլանային համակարգի կողմից ղեկավարվող, ժողովրդավարությունից հեռու երկրին այնտեղ տանեն` նավթի օրեցօր սպառվող պաշարների կամ Ալիևի գեղեցիկ աչքերի համար: Այդ հեռանկարը շատ լավ գիտակցում են նաև պատվերով հիստերիա բարձրացնող ադրբեջանական ԶԼՄ-ները: Մյուս կողմից, այս արձագանքը նպատակ է հետապնդում լռեցնել այն հոծ ռուսամետ զանգվածին, որը այսօր կա Ադրբեջանում, և որը պախարակում է իշխանություններին Ռուսաստանի հարցում սխալ քաղաքականություն վարելու և առավելապես արևմուտքին հարելու համար:
Անշուշտ, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հայազգի լինելու գործոնը լուրջ պատճառաբանություն է այդ քննադատողներին լռեցնելու համար: Ծանր են տարել, ինչ խոսք: Այնքան ծանր, որ Բաքվի հպատակ ԶԼՄ-ները մոռացության են մատնել անգամ սեփական երկրի բանկային համակարգի մոտալուտ փլուզման թեման և ապրում են հարևանի կյանքով…
Ստելլա ԽԱՉԱՏՐՅԱՆ