Սկանդալը նոր է միայն սկսվում...
АналитическийՉնայած ընտրություններն անցյալում են, սակայն դրանց հետևանքները զգալի են մինչև այսօր: Խոսքն ամենևին էլ քաղաքական հետևանքների մասին չէ, ո՛չ, այլ՝ այնպիսի հետևանքների, որոնք անմիջականորեն առնչվում են մարդուն, նրա կենցաղին:
Մասնավորապես՝ մամուլում բավական մեծ աղմուկ է բարձրացրել Արտակ Սարգսյանին պատկանող ՍԱՍ սուպերմակրկետների ցանցի խանութներից մեկի աշխատակցուհու հետ տեղի ունեցածը. նա ազատվել է աշխատանքից միայն այն բանի համար, որ ընտրություններին չի կարողացել Արտակ Սարգսյանի համար ձայներ բերել: Ճիշտ է՝ տիկնոջ հետ հրապարակված հարցազրույցում վերջինս հաստատակամորեն հերքում է կապն իր գործազուրկ դառնալու ու ձայներ բերել չկարողանալու միջև, սակայն շատ խորագետ մեկը լինել պետք չէ՝ հասկանալու համար, թե իրականում ինչ է կատարվել. տիկնոջն, ըստ էության, պատժել են միայն այն բանի համար, որ չի կարողացել ստիպել այլոց՝ համալրել «ՍԱՍ-ի Արտակի» «երկրպագուների» շարքերը:
Բայց այստեղ մեկ այլ՝ շատ ավելի խորքային հարց է առաջ գալիս՝ ի՞նչ է կատարվում Հայաստանում, ինչի՞ արդյունք է նմանատիպ տգեղ երևույթների առկայությունը, կամ հայ հասարակությունն, ի դեմս որոշ «ընտրյալների», ո՞ւմ հետ գործ ունի՝ բարեգործների՞, թե՞ ճակատագրեր կործանողների: Ակնհայտ է, որ այս պարագայում ավելի շուտ խոսքը ճակատագրեր կործանելու մասին է, քան դրանք փրկելու. ռեսուրսների օգտագործումն ամենևին էլ չի նշանակում դրանց չարաշահում, ու եթե քո աշխատակիցն այս կամ այն պատճառով չի կարողացել քեզ ձայներ բերել, դա բնավ իրավունք չի տալիս՝ խաղալու նրա ճակատագրի հետ: Իսկ այն, որ մարդուն անգործ թողնելն այսօր կարող է ճակատագրական լինել նրա համար, անկասկած է. երկրում աշխատանք չկա, ու ամեն մի աշխատատեղ՝ մի փութ ոսկու գին ունի այսօր: Երևույթը, պետք է խոստովանենք, ուղղակի նողկալի է:
Ասում են՝ աշխարհը շեն է նախևառաջ դրանում գոյություն ունեցող տարբեր կոնտրաստների շնորհիվ: Եվ իրոք, ի՞նչ կաներ աշխարհն առանց այն մարդկանց, առանց այն անհատների, որոնք սեփական գործունեության ելակետ են ընդունում ոչ թե, ասենք, նեղ քաղաքական շահերը կամ մարդկանց հանդեպ բարի վերաբերմունքը, պայմանավորում, ասենք, նրանց կողմից ձայներ բերելով, այլ ուղղակի ձեռք են մեկնում, ուղղակի բարի վերաբերմունք են ցույց տալիս ու ուժերի ներածին չափով փորձում օգտակար լինել. մարդու արժեքը նրա՝ձայներ բերել-չբերելով չէ, որ որոշվում է: Բարեբախտաբար, ճակատագրեր կործանողների կողքին՝ կան և ճակատագրեր փրկողներ, ինչը հույս է տալիս, որ ամեն բան չէ, որ կորցված է, ու դեռ հույս կա:
Թե ինչ ընթացք կունենա Արտակ Սարգսյանի անվան հետ կապված խայտառակ ձայնագրության պատմությունը, ցույց կտա ժամանակն իհարկե, բայց որ այն ընդամենը թույլ օրինակ է այն բանի, թե ինչպես են Հայաստանում գործի դրվում ռեսուրսներն, ակնհայտ է: Հարց՝ իսկ ո՞ւր մնացին ազատ, արդար, թափանցիկ ընտրությունների մասին հավաստիացումներն, ո՞ւր են այդ ամենը փաստող ապացուցները. փաստերը, կարծես, ճիշտ հակառակի մասին են վկայում...
Դավիթ ԲԱԲԱՆՈՎ