Իրանցի գործարարներն ուզում են Հայաստանում տոմատի մածուկի արտադրություն հիմնել

2017-04-19 14:40:53

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն ապրիլի 18-ին ընդունել է ջերմոցաշինությամբ և տոմատի մածուկի արտադրությամբ զբաղվող իրանական մի շարք խոշոր ընկերությունների ղեկավարների:

Համառոտ ներկայացնելով իրենց գործունեությունը' հյուրերը նշել են, որ մեծապես հետաքրքրված են գյուղատնտեսության ոլորտում հայկական կողմի հետ տարբեր ուղղություններով համագործակցություն ծավալելու հարցում: Մասնավորապես իրանցի գործարարները ցանկություն են հայտնել Հայաստանում հիմնել լոլիկի վերամշակման գործարան' արտադրանքը Եվրասիական տնտեսական միության երկրներ արտահանելու նպատակով: Գործարարները հավելել են, որ այս հարցում ակնկալում են ՀՀ գյուղատնտեսության նախարարության աջակցությունը: Նրանք նաև նշել են, որ նախատեսում են հայ ֆ երմերների հետ պայմանագրեր կնքել լոլիկի արտադրության կազմակերպման համար:

Ինչպես տեղեկացրին ՀՀ գյուղատնտեսության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, նախարար Իգնատի Առաքելյանը պատրաստակամություն է հայտնել աջակցություն ցուցաբերել իրանական կողմին Հայաստանում լոլիկի մշակություն և մածուկի արտադրություն կազմակերպելու հարցում: Տեղական սորտերի սերմերի վերաբերյալ առավել հանգամանալից տեղեկատվության ստանալու համար նախարարն առաջարկել է հյուրերին սերտորեն համագործակցել «Բանջարաբոստանային և տեխնիկական մշակաբույսերի գիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի և ՀՀ ԳՆ ենթակայության ներքո գործող մյուս գիտական կենտրոնների հետ:

Գործարարների հետ փոխգործակցությունը գործնական հիմքերի վրա դնելու նպատակով նախարար Իգնատի Առաքելյանն առաջարկել է ներկայացնել բիզնես-ծրագիր, որում կներառվեն բոլոր առաջարկները և միջոցառումները:

Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև Հայաստանում ջերմոցային կոնստրուկցիաների արտադրության և ներդրման, համատեղ ջանքերով գյուղատնտեսական այլ մթերքների արտադրության կազմակերպման հնարավորությունը:

Դիտվել է 303 անգամ:

Լրահոս
1 Մայ
Ողջ լրահոսը...>>
Ամենաշատ ընթերցվածը