«Ժողովուրդ». Երևան-Ստեփանակերտ չվերթն այդպես էլ իրականություն չի դառնա. Ո՞րն է պատճառը

2017-04-20 09:26:00

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Երևան-Ստեփանակերտ չվերթը, որի առաջին ուղևորը լինելու պատրաստակամություն էր հայտնել Սերժ Սարգսյանը տարիներ առաջ, այդպես էլ իրականություն չի դառնա: Պատճառները, բնականաբար, քաղաքական են. սա հետևանք է ԼՂ խնդրի լուծված չլինելու, ինչի պատճառով Ադրբեջանը սպառնում է օդում ոչնչացնել հայկական ինքնաթիռները: Մինչդեռ նկատենք, որ դեպի ԼՂՀ չվերթները կարող էին էապես նպաստել Արցախում զբոսաշրջիկների թվի ավելացմանը, քանի որ ցամաքային ճանապարհով դեպի Ստեփանակերտ գնալն, այնուամենայնիվ, ժամանակատար է և դժվար:

Թեև մյուս կողմից, եթե իրապես գործադիր մարմինը խնդիր է դրել իր առջև զարգացնելու զբոսաշրջությունը մեր երկրում, ԼՂՀ գնալու համար կարող է օգտագործել նաև Գորիսի, Կապանի կամ Ջերմուկի օդանավակայանները, որտեղից մարդիկ մեքենայով ավելի արագ ու ավելի հեշտ կարող են հասնել Ստեփանակերտ: Բայց սա էլ, պարզվում է, առանձին խնդիր է. Ջերմուկի և Կապանի օդանավակայաններն այնպիսի անմխիթար վիճակում են, որ չեն կարող շահագործվել, իսկ Գորիսի օդանավակայանը ՊՆ ենթակայության տակ է, համարվում է ռազմական նշանակության օբյեկտ, և այնտեղով հնարավոր չէ քաղաքացիական չվերթներ իրականացնել:

Արդյունքում՝ ստեղծվել է անհարմար իրավիճակ, և զբոսաշրջության համար Հայաստանի ամենագեղատեսիլ վայրերից մեկը ուղևորվելը բարդություն է թելադրում: Բայց զբոսաշրջության ոլորտի պատասխանատուները չեն զլանում կրկնել, թե ամեն ինչ անում են տուրիզմի զարգացման համար»:

Մանրամասները' թերթի այսօրվա համարում:

 

Դիտվել է 1506 անգամ:

Լրահոս
24 Ապր
Ողջ լրահոսը...>>
Ամենաշատ ընթերցվածը