Բնապահպանության նախարարն ընդունել է ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության ներկայացուցիչներին
ՀայաստանՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանն ընդունել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման առանցքում Արարատյան դաշտի ստորերկրյա ջրային ռեսուրսների պահպանման և վերականգնման և այդ համատեքստում' ձկնային տնտեսությունների բարեփոխմանն ուղղված ծրագրերն էին: Ողջունելով հյուրերին՝ նախարարը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելությանը' օժանդակության և հետևողական աշխատանքի համար: Դեբորա Գրիզերը իր հերթին կարևորել է նախարարության և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության շարունակական համագործակցությունն Արարատյան դաշտի ջրային ռեսուրսների պաշտպանության և պահպանման գործում' տեղի համայնքների համար ջրի կայուն ապահովման և արդյունավետ օգտագործման նպատակով: «Մենք հուսով ենք, որ համատեղ ջանքերով կներդնենք ջրի կառավարման արդյունավետ համակարգեր եւ տեխնոլոգիաներ Արարատյան դաշտավայրում, խթանել ձկնաբուծության էկոլոգիապես բարենպաստ պրակտիկան, և խրախուսել ներդրումները մաքուր էներգիայի ոլորտում»,- նշել է նա:
Կողմերը քննարկել են ԱՄՆ ՄԶԳ «Գիտական առաջադեմ տեխնոլոգիաների օգտագործում և համագործակցություն հանուն ռեսուրսների համալիր պահպանության» ծրագրի (ԳԱՏՕ) ուսումնասիրությունների հիման վրա իրականացվող աշխատանքները, ինչպես նաև ձկնաբուծարաններում նախատեսվող ջրային պաշարների կառավարման ավտոմատացված համակարգերի տեղադրումը: Նախարար Արծվիկ Մինասյանը նշել է, որ Արարատյան դաշտի ձկնաբուծական բոլոր տնտեսություններին տեղեկացվել է, որ մայիսի երկրորդ կեսից բնապահպանության նախարարությունը նախատեսում է ակտիվ գործողություններ ծավալել հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ. մասնավորապես, իրականացվելու են տեսչական ստուգումներ և վարչական վարույթով զննություններ: Անդրադառնալով առաջիկայում նախարարության կողմից իրականացվող աշխատանքներին' կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել մայիսի վերջին հերթական հանդիպման շուրջ, նշելով, որ այս ժամանակահատվածում նախանշված քայլերի կատարումն Արարատյան դաշտի ձկնային տնտեսություններում իրավիճակի գնահատման ամբողջական պատկերացում կտա: Հանդիպման ավարտին ևս մեկ անգամ հավաստվել է համատեղ աշխատանքին միտված պատրաստակամությունն ու փոխգործակցության հանձնառությունը: