Ամենաթողությունը շարունակվու՞մ է...
АналитическийԱրթիկի քաղաքապետ, հանրապետական Մխիթար Վարագյանը Արթիկի թիվ 4 դպրոցի միավորումը այլ կրթական հաստատությանը և շենքը սփյուռքահայ ներդրողին հանձնելը դիտարկում է մարզի հնգամյա զարգացման ծրագրերի տիրույթում:
Այս երևույթը որքան զարհուրելի է, նույնքան էլ սովորական դարձած, որովհետև սփյուռքահայ ներդրողներին սիրաշահելու համար ՀՀ վարչապետն ու մարզպետերը, հաճախ աչք են փակում Հայաստանում բնակվող քաղաքացիների շահերի վրա: Բացի իրենց միլլիոններ արժեցող ապարանքներից պատրաստակամ են վաճառել դպրոցների բոլոր այն շենքերը, որտեղ աշակերտները սակավաթիվ են` անունը դնելով «օպտիմալացում»:
Ոչ Արթիկի բիզնես ջիզ ունեցող քաղաքապետը, ոչ էլ կառավարությունը դժվար թե մեզ քիչ թե շատ բանական բացատրություն տան՝ արդյո՞ք այս գործընթացն իրականացնելու համար նախապես ուսումնասիրվել են բազմաթիվ հանգամանքներ, թե որ դպրոցը, որին միացնեն, որի վիճակն է ավելի բարվոք, որի աշխարհագրական դիրքն է ավելի նպատակահարմար տվյալ համայնքի համար: Եվ դժվար թե օտարերկրյա ներդրումների հոտը առած քաղաքապետը մեկ վայրկյան անգամ մտահոգվել է, թե ինչ կլինի աշխատանքը կորցրած մանկավարժների վիճակը, քանի՞ մարդ դուրս կմնա, ի՞նչ կլինի նրանց հետագա ճակատագիրը:
Իհարկե գովելի է սփյուռքահայ գործարարի ցանկությունը՝ հայրենիքում ներդրումներ անել և աշխատատեղեր ստեղծել: Սակայն, չգիտես ինչու, վստահ եմ՝ մեծարգո Սրմաքեշի մտքով էլ չէր անցնի սեփական բիզնեսի համար Շվեյցարիայում դպրոցի շենքը սեփականաշնորհել, այդ դեպքում՝ ինչու է ոնտահարում իր հայրենիքում բնակվող և ուսում ստացող երեխաների իրավունքները: Սա Հայաստանն է՝ այստեղ «ամեն բան կարելի է» սկզբունքը դեռ գործում է բազմաթիվ սփյուռքահայ գործարարների մոտ, որոնք Հայաստան են գալիս զուտ մեկ պատճառով՝ այստեղ օրենքը շրջանցելը որևէ խնդիր չի հարուցի, այստեղ հարցերը լուծելու համար բավական է ընդհամենը համապատասխան կապեր և գումար, այստեղ կարելի է տասնյակ մարդկանց մեկ օրում գործազուրկ դարձնել: Բիզնես է՝ ոչ մի անձնական բան…
Ստելլա ԽԱՉԱՏՐՅԱՆ