Իսկ ո՞վ էր կասկածում...
ՎերլուծականՍամվել Ալեքսանյանի թիմում տպավորված են «շեֆի» ստացած ձայներից։ Խնդիրն այն չէ, որ Ալեքսանյանը ՀՀԿ-ի ռեյտինգային թեկնածուների առաջին եռյակում է՝ 42 հազար ձայնով, այլ՝ որ Շենգավիթում, որն Ալեքսանյանի տիրույթում չի եղել, նա ավելի քան 17 հազար ձայն է ստացել։
Սամվել Ալեքսանյանի թիմում կարծում են, որ հաղթանակի հասնելու հարցում էական դեր է խաղացել կրեատիվ քարոզչությունը։ Օրինակ, պատգամավորի թեկնածուն օգնել է մի միայնակ կնոջ՝ նրա մի քանի հազար դոլարի համար կալանքի տակ գտնվող բնակարանը հանելով կալանքից, որն աննախադեպ էֆեկտ է ապահովել Ալեքսանյանի համար։ Տվյալ թաղում լուրը կայծակի արագությամբ տարածվել է, եւ նա այդ տարածքում բացարձակ հաղթանակ է տարել։
Թե Սամվել Ալեքսանյանի նախընտրական քարոզչության հատկապես որ ասպեկտներն էին աչքի ընկել իրենց կրեատիվությամբ, դժվար է ասել: Մասնագիտական հայացք գցելով վերջինիս վարած քարոզարշավի վրա, միանգամից ցանկանում ես այդ հայացքը թեքել՝ այնքան շատ է այնտեղ զավեշտը և պաթոսը: Միայնակ կանանց բնակարանները կալանքից հանելը բնավ կրեատիվ տեխնոլոգիաների շարքին չես դասի, հատկապես հաշվի առնելով, որ մեր քաղաքական մշակույթի համար նորություն չէ նախընտրական շրջանում քաղաքացիների պարտքեր, վարկեր մարելը, կենցաղային մանր-մունր խնդիրները լուծելը և դա որպես ազգափրկության անհավանական դրսևորում ներկայացնելը:
Սամվել Ալեքսանյանը և իր թիմը կրեատիվությամբ աչքի չեն ընկնում նաև հետընտրական շրջանում, դրա վառ վկայությունն է հանրությանը հուսախաբ չանելը և անմիջապես ընտրությունների հաջորդող օրը շաքարավազի և CITY-րի ցանցում վաճառվող բազմաթիվ ապրանքների գինը բարձրացնելը: Թե ինչու է Ալեքսանյանը որոշել հենց այս պահին հանրությանը բացատրել իր շռնդալից հաղթանակի հիմնական գրավականները, դժվար չէ կռահել: ՍԱՍ-ում տեղի ունեցած ժողովի ձայնագրությունների հրապարակումից հետո հանրությունը պահանջում է, որպեսզի հրապարակվեն նաև «Սիթի»-ների համապատասխան ձայնագրությունները: Տեսնես ինչից է, որ հասարակությունն անգամ չի կասկածում, որ նմաններն առկա են….
Ստելլա ԽԱՉԱՏՐՅԱՆ