Նոր Հարավային Ուելսի վարչապետ Գլեդիս Բերեջիքլյանը Սիդնեյում կմասնակցի Հայոց ցեղասպանության հիշատակի արարողությանը
ԱշխարհՆոր Հարավային Ուելսի վարչապետ Գլեդիս Բերեջիքլյանը, ով Հայոց ցեղասպանության վերապրածների ժառանգ է, կգլխավորի բարձրաստիճան անձանց ցուցակը, ովքեր ապրիլի 24-ին Սիդնեյում կմասնակցեն Հայոց ցեղասպանության տարելիցի հիշատակի միջոցառմանը: Այս մասին հայտնում է Հայ դատի Ավստրալիայի հանձնախումբը:
Ավստրալիայի ամենամեծ նահանգի վարչապետ Բերեջիքլյանին կմիանան խորհրդարանի անդամ, Ավստրալիա-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի ղեկավար Թրենթ Զիմերմանը, խորհրդարանական Քրեյգ Քելին, այլ օրենսդիրներ, Հունաստանի դեսպանության ներկայացուցիչներ, հոգևորական այրեր, գիտնականներ, տեղի հայկական, հունական, ասորական և հրեական համայնքի ներկայացուցիչներ:
Հայոց ցեղասպանության հիշատակի հանձնաժողովի կողմից կազմակերպված միջոցառմանը ելույթ կունենա Արդարության և մարդու իրավունքների հայկական իրավական կենտրոնի տնօրեն Քեյթ Նահապետյանը, ով կխոսի փոխհատուցման խնդրի մասին: