Կոլումբիացի զինյալների հայ գերին փախել է. նրան բռնել էին թունավոր գորտեր որսալիս
ՀասարակությունՀայաստանի եւ Ռուսաստանի քաղաքացիություն ունեցող 42 -ամյա Արսեն Ոսկանյանը փախել է Կոլումբիայի «Ազգային ազատագրական բանակի» ապստամբների գերությունից:
Հայաստանի և Ռուսաստանի՝ ազգությամբ հայ երկքաղաքացուն Կոլումբիայում հաջողվել է փախչել իրեն պատանդ պահող զինյալներից՝ զինաթափելով նրանցից մեկին, կրակ բացելով ու վիրավորելով վեցին: Այդ մասին, France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ, հաղորդել է Կոլումբիայի «Ազգային ազատագրման բանակ» (ELN) ձախ խմբավորումը:
Ապստամբները Արսեն Լևոնի Ոսկանյանին տեղափոխում էին երկրի Չոկո շրջան, իրենց պնդմամբ՝ ազատ արձակելու, սակայն նա ինքն է փախուստի դիմել: Աղբյուրի համաձայն, Ոսկանյանը եւս վիրավորվել է: Դեպքը տեղի է ունեցել չորեքշաբթի օրը, սակայն խմբավորումը միայն կիրակի է բարձրաձայնել դրա մասին:
ELN-ի հաղորդմամբ՝ Ոսկանյանը գերեվարվել էր նոյեմբերին, երբ թունավոր գորտեր էր որսում վաճառելու համար: Զինյալները, խմբավորման հավաստմամբ, պատրաստվում էին ազատ արձակել նրան Ռուսաստանի դեսպանատան հորդորով և հանձնելու էին Կարմիր Խաչի միջազգային կոմիտեին:
«Ազգային ազատագրման բանակը» Կոլումբիայում ակտիվ գործող վերջին ձախ խմբավորումն է կառավարության և ավելի խոշոր «Կոլումբիայի հեղափոխական զինված ուժերի» միջև խաղաղ համաձայնության կնքումից հետո:
Բոգոտայում Ռուսաստանի դեսպանատունը դեռեւս չի կարողացել գործակալության խնդրանքով հաստատել կամ հերքել իրադարձությունների մասին տեղեկատվությունը: