Արմեն Ամիրյանը պնդում է՝ Տարոն Մարգարյանը չի ոչնչացրել պատմամշակութային արժեքներ
ՀասարակությունՄշակույթի նախարար Արմեն Ամիրյանը համաձայն չէ այն տեսակետի հետ, որ իր կուսակից ընկեր, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն իր գործունեության ընթացքում մի շարք պատմամշակութային արժեքներ է ոչնչացել:
Նախարարը հարց է ուղղում լրագրողներին՝ ուզում եք՝ ի՞նչ անեմ:
Լրագրողները խնդրեցին որպես մշակույթի նախարար՝ գնահատականներ տալ Տարոն Մարգարյանի քաղաքապետության տարիներին ոչնչացված Փակ Շուկայի, Աֆրիկյանների տան և այլ կառույցների հետ կատարվածին:
«Խոսքը վերաբերվում է Տարոն Մարգարյանին, ով շատ լավ իրականացնում է իր պարտականությունները և հավելյալ հորդորների կարիք՝ նա չունի: Ես նրա աշխատանքը գնահատում եմ շատ լավ, բավարար»,-այսօր Կառավարության նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը:
Արմեն Ամիրյանը խորհուրդ տվեց լրագրողներին՝ գնահատականներ չտալ, քանի որ դա խանգարելու է ներդրումային ծրագրերի իրականացմանը. «Եկեք մի փոքր հանդուրժող լինենք և հասկանանք՝ ինչ է ոչնչացվել, ով է ոչնչացրել և երբ»:
Նախարարը նշեց, որ վարչապետ Կարեն Կարապետյանի կողմից հանձնարարվել է ավարտին հասցնել «Հին Երևան» ծրագիրը, որի իրականացման համար որևէ խոչընդոտ չկա: Արմեն Ամիրյանը չցանկացավ ժամանակներ նշել «Հին Երևան» ծրագրի ավարտի հետ կապված՝ լրագրողներին հավաստիացնելով, որ ծրագիրն իրականություն կդառնա շատ սեղմ ժամկետում, ինչի մասին շեշտել է նաև վարչապետը:
Աղավնի Սուքիասյան