Վստահ եմ` Արթուր Պետրոսյանի գլխավորությամբ մեր հավաքականը կարող է լուծել Աշխարհի կամ Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճելու խնդիրը. Ռուբեն Հայրապետյան
SportՄայիսի 6-ին ՀՖՖ գրասենյակում տեղի ունեցավ ՀՖՖ 15-րդ տարեկան ժողովը: Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ-ի կայքը: Ժողովում նախորդ տարվա գործունեության հաշվետվությամբ հանդես եկավ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը:
«Հաշվետու ժամանակաշրջանը հակասական էր Հայաստանի ազգային հավաքականի համար: Եղան ինչպես ցավալի պարտություններ, այնպես էլ հուսադրող հաղթանակներ: Ինչպես գիտեք, Հայաստանի ազգային հավաքականն այսօր ունի նոր գլխավոր մարզիչ, որի գլխավորությամբ մեր թիմը տարել է 2 անընդմեջ հաղթանակ: Արթուր Պետրոսյանի ծրագիրը երկարաժամկետ է և հեռանկարային, իր առջև դրված նպատակները՝ պարզ և իրատեսական: Այս շրջափուլում յուրաքանչյուր խաղում պայքարել հաղթանակի համար, սահուն կերպով իրականացնել ազգային հավաքականի՝ նոր ֆուտբոլիստներով համալրման գործընթացը, ստեղծել մարտունակ և իր առջև բարձր խնդիրներ դնելու ունակ ազգային հավաքական: Ես հուսով եմ ու նաև վստահ, որ հենց Արթուր Պետրոսյանի գլխավորությամբ մեր հավաքականը կարող է լուծել Աշխարհի կա Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճելու խնդիրը, որը մեր բոլորիս վաղեմի երազանքն է»,- նշել է ՀՖՖ նախագահը:
ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի ելույթը կարող եք տեսնել այստեղ:
Նախորդ ֆինանսական տարվա հաշվապահական հաշվեկշիռը և ֆինանսական հաշվետվությունը ՀՖՖ ժողովի պատվիրակների հաստամանը ներկայացրեց ՀՖՖ առաջին փոխնախագահ և գործադիր տնօրեն Արմեն Մինասյանը: Այնուհետև հրապարակվեց անկախ աուդիտորական ընկերության զեկույցը, որից հետո Ժողովի պատվիրակները քվեարկեցին ֆինանսական հաջորդ տարվա բյուջեի հաստատման օգտին: Ժողովի ընթացքում քննարկվեց ՀՖՖ Գործկոմի անդամ Արման Սահակյանին ՀՖՖ Գործկոմի անդամների կազմից հեռացնելու հարցը: ՀՖՖ կանոնադրությամբ նախատեսված պարտավորությունները չկատարելու, ինչպես նաև ՀՖՖ գործկոմի նիստերին և աշխատանքներին չմասնակցելու հիմքով Ժողովը որոշեց հեռացնել Արման Սահակյանին ՀՖՖ Գործկոմի անդամների կազմից: Օրակարգի վերջին հարցը ՀՖՖ-ին անդամագրվելու վերաբերյալ «Վանաձորի ֆուտբոլի ակադեմիա» ՀԿ-ի և «Գանձասար-Կապան» ՖԱ ՍՊԸ դիմումների քննարկումն էր: Ժողովը միաձայն կողմ քվեարկեց ՀՖՖ-ին անդամագրվելու վերաբերյալ «Վանաձորի ֆուտբոլի ակադեմիա» ՀԿ-ի և «Գանձասար-Կապան» ՖԱ ՍՊԸ օգտին: