Գերմանիայում թանգարանից գողացել են 1․2 մլն եվրո արժողությամբ ադամանդե թագը
Всемирная прессаԱնհայտ անձինք գերմանական Բադեն-Վյուրթեմբերգ երկրամասի Կարլսրուե քաղաքում գտնվող Բադենի թանգարանից գողացել են 367 ադամանդով և պլատինով զարդարված ոսկե թագը, որի արժեքը կազմում է մոտ 1,2 միլիոն եվրո: Այս մասին հայտնում է DPA գործակալությունը՝ հղում անելով Բադեն-Վյուրթեմբերգի ոստիկանությանը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ թագը գողացվել է փակ ցուցափեղկի միջից: Ընդ որում, ցուցափեղկի կողպեքը չի ջարդվել. դեռևս անհայտ է՝ արդյոք ակտիվացել է անվտանգության համակարգի ազդանշանը:
Նշվում է, որ թանգարանի աշխատակիցները միանգամից ուշադրություն չեն դարձրել արժեքավոր ցուցանմուշի կորուստին: Նրանք ոստիկանություն են դիմել ապրիլի 29-ին, սակայն կողոպուտի հստակ ամսաթիվը դեռևս չի պարզվել:
Հայտնի է, որ թագը ստեղծվել է 20-րդ դարի սկզբին և պատկանել մեծ դքսուհի Հիլդա Ֆոն Բադենին: Բադեն-Վյուրթեմբերգ երկրամասի ոստիկանությունը քննություն է տանում միջադեպի վերաբերյալ:
Սա գերմանական թանգարաններից վերջին մի քանի ամիսներին արդեն երկրորդ արժեքավոր ցուցանմուշի գողությունն է։ Մարտի 27-ին բեռլինյան Բոդե թանգարանից գողացել էին Big Maple Leaf ոսկեդրամը՝ 53 սմ տրամագծով ու մեկ ցենտներ քաշով։ Այն մոտ 700 հազար եվրո անվանական արժեք ուներ, իսկ շուկայական արժեքը 4 մլն եվրոյի է հասնում։