«Փաստ». «Կյանքը փիլաքյան է». Վարդան Ղուկասյան
Հայկական Մամուլ«Փաստ» օրաթերթը գրում է.
«Գյումրու նախկին քաղաքապետ, նախկին ՀՀԿ–ական Վարդան Ղուկասյանը մի քանի տարի առաջ զրկվեց Գյումրու քաղաքապետի պաշտոնից, ինչպես նաև հեռացավ Շիրակի ՀՀԿ կառույցի ղեկավարի պաշտոնից, իսկ այսօր պատգամավոր է դարձել ԲՀԿ ցուցակով:
«Փաստի» հարցին, թե դա իր պատասխա՞նն է իշխանությանը ԲՀԿ–ի միջոցով, Վարդան Ղուկասյանն ասաց. «Էդպես պատասխան չեմ գտնում ճիշտ, որ հիմա ասեմ: Պատասխանը ո՞րն է, կյանք է և, էնպիսի բան է կյանքը՝ փիլաքյան է, գյումրեցիք ասում են, վերև ելնել կա, իջնել կա: Ամենակարևորը, որ երբ բարձունքում և իջած ժամանակահատվածում մարդ իր խիղճը չկորցնի: Մնացածը ես էդպես չեմ կարևորում: Ե՛վ էն ժամանակ, և՛ էս ժամանակ ես իմ խիղճը չեմ կորցրել, ամենակարևորը դա է, մնացածն ինձ էդպես չի հետաքրքրում»:
Ինչ է անելու խորհրդարանում հարցին ի պատասխան Ղուկասյանն ասաց. «Գնալու եմ, որ երկիրն էս վիճակից հանելուն ես էլ մասնակից լինեմ, որ երկիրը շենացնենք, երկիրը զարգանա: Կարողանանք ժողովրդի մատից փուշ հանելու մի պահի էլ մենք մասնակից լինենք»:
«Փաստի» հետ զրույցում Վարդան Ղուկասյանն ասաց, որ ինքն էլ է նախօրոք ԲՀԿ–ում ինքնաբացարկի դիմում գրել՝ հավելելով, որ նման պայմանավորվածություն եղել է բոլոր թեկնածուների հետ, և նրանք բոլորն էլ դիմումներ գրել են:
«Կա քաղաքական պայմանավորվածություն, ով որ շատ ձայներ է հավաքում, նա էլ գնում է ԱԺ: Էդպես բոլորս էլ գրել ենք, ես էլ եմ գրել»,– ասաց Ղուկասյանը:
Հարցին, թե ճի՞շտ է համարում դա, Ղուկասյանը պատասխանեց. «Բա ո՞նց եք գտնում, մեկը կարող է քիչ ձայներ հավաքի ու գնա Աժ, մեկը շատ ձայներ հավաքի ու չգնա: Միանշանակ կողմնակից եմ և էդպիսի պայմանավորվածություն եղել է»:
Շարունակությունը' «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում