Հնաբերդը կհյուրընկալի Տոլմայի փառատոնը
ՏարածաշրջանՀայաստանում արդեն 7-րդ անգամ կանցկացվի տոլմայի փառատոնը։ Այս տարի փառատոնը կհյուրընկալվի Արարատի մարզի Հնաբերդ գյուղում մայիսի 20-ին։ «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ նախագահ Սեդրակ Մամուլյանը մայիսի 12-ին կայացած ասուլիսում պատմեց տոլմայի ծագման և Տոլմայի փառատոնի նախապատրաստական աշխատանքների մասին։ «Տոլմա բառը «տոլի» բառից է, որը հին հայերենով նշանակում է խաղողի վազ։ Նախնական պատրաստման ձևը եղել է ծեծված մսից և խաղողի տերևից։ Այս ձևը մինչ այժմ պահպանվել է հատկապես Սյունիքի մարզում։ Տ կամ Դ տառը այդքան էլ նշանակություն չունի»,- նշեց Սեդրակ Մամուլյանը։
Բանախոսը նշում է, որ տոլման հայերը սկսել են օգտագործել իրենց կերակրատեսակների ցանկում դեռևս բնապաշտական ժամանակաշրջանից։
Ըստ Սեդրակ Մամուլյանի՝ այս փառատոնը նպաստում է զբոսաշրջության զարգացմանը։ «Ընդհանրապես երկրի ազգային խոհանոցը, որպես զբոսաշրջային արդյունք, ես համարում եմ ամենակարևորը։ Մեր ազգային խոհանոցը թույլ է տալիս տարածաշրջանում և ամբողջ աշխարհում լինել որպես մրցունակ զբոսաշրջային արդյունքի կրող»։ Բանախոսը վստահեցնում է, որ զբոսաշրջիկների 70-80 տոկոսը գոհ են հայկական խոհանոցից։
25 տաղավար է լինելու, փառատոնին կմասնակցեն հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, գյուղացիներ, զինծառայողներ։
Հայկական երգ ու պարով ուղեկցվող փառատոնը հրաշալի հնարավորություն է ծանոթանալու տոլմայի ավելի քան 60 տարբեր տեսակներին և դրանց պատրաստման առանձնահատկություններին:
Փառատոնին մեծ աջակցություն է ցուցաբերում Արարատի մարզը։