ՀՀԿ-ի կողմից կաշառք բաժանելու հայտարարությունները մերկապարանոց են ու սուտ. Շարմազանով
ՔաղաքականՀայաստանի Հանրապետական կուսակցության կողմից ընտրակաշառք բաժանելու բոլոր հայտարարությունները մերկապարանոց են և սուտ: ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանը նման հայտարարությամբ հանդես եկավ ՀՀԿ խոսնակ, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: «Ես Նիկոլ Փաշինյանին, Զարուհի Փոստանջյանին, Տարոն Մարգարյանին մաղթում եմ խաղաղ, համերաշխ ու հանդարտ քարոզարշավ: Մեր քաղաքացիներին էլ կոչ եմ անում ընտրել այն քաղ աքական ուժին, որին ցանկանում են վստահել Երևանի կառավարումը»,- ասաց Շարմազանովը:
Էդուարդ Շարմազանովը հիշեցրեց, որ ՀՀԿ-ն արդեն հայտարարություն է տարածել և արձագանքել է Երևանի քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի մեղադրանքներին: «Մենք ասել ենք, որ դա իրականությանը չի համապատասխանում, ընտրակաշառքի վերաբերյալ ահազանգը կեղծ է, որովհետև անգամ այդ տեսանյութում չկա ընտրակաշառքի վերաբերյալ փաստ»,- մանրամասնեց նա:
ՀՀԿ խոսնակը կրկնեց, որ բոլոր մեղադրանքները մերկապարանոց են: «Ես ինքս առավոտյան խոսել եմ որոշ շտաբերի պետերի հետ, անձամբ ես եմ խնդրել Հրայր Անտոնյանին ընդունել պատգամավոր Նիկոլ Փաշինյանին' հույս ունենալով, որ վերջինս կունենա պատգամավորին հարիր պահվածք' չնայած որ մեր կուսակցության շտաբերում պարտավոր չեն մեր չսպասված հյուրերին դիմավորել»,- ասաց Շարմազանովը:
Նա հերքեց նաև Նիկոլ Փաշինյանի մեղադրանքներն այն մասին, թե ՀՀԿ նախընտրական շտաբներում ցուցակներ են կազմել այն առնչությամբ, թե ով որքան ձայներ է բերելու կուսակցությանը: «Մենք նման ցուցակների և գրառումների հետ որևէ կապ չունենք»,- շեշտեց Շարմազանովը:
Էդուարդ Շարմազանովը նաև հավելեց, որ ՀՀԿ ԳՄ նիստի ընթացքում ամփոփել են Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավը «Մենք դրական ենք գնահատում քարոզչության ընթացքն ու արդյունքները: Մենք կարողացել ենք բակային հանդիպումների ընթացքում մեր ընտրողներին ներկայացնել մեր իրականացրած և առաջիկա 5 տարիների ընթացքում իրականացվելիք ծրագրերը: Հույս ունենք, որ ընտրությունները կանցնեն հանգիստ, ժողովրդավարական և բազմակարծության մթնոլորտում»,- եզրափակեց ՀՀԿ խոսնակը: