Ծանր մարմնական վնասվածքն ստացել էր ոչ թե շինհրապարակում աշխատելիս, այլ` վիճաբանության ժամանակ դանակահարվելու հետևանքով. առաջադրվել է մեղադրանք
SocietyՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է Վանաձորում տեղի ունեցած դանակահարությունը: Այս մասին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից:
2016թ. նոյեմբերի 10-ին հաղորդում էր ստացվել առ այն, որ ձախ ազդրի վերին երրորդի կտրած-ծակած վերք' ազդրային երակի վնասում կյանքին վտանգ սպառնացող ծանր մարմնական վնասվածքով բժշկական կենտրոն է ընդունվել ՍՊԸ-ի աշխատակից, 1980 թ. ծնված Մ.Սարգսյանը: Վերջինս վարույթն իրականացնող մարմնին հայտարարել էր, որ մարմնական վնասվածքն ստացել է Վանաձոր քաղաքում գտնվող շինհրապարակներից մեկում՝ աշխատանքներ կատարելու ընթացքում։
Աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու դեպքի առթիվ Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում ձեռնարկվել են մեծածավալ քննչական գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Արդյունքում՝ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Մ.Սարգսյանն իրականում մարմնական վնասվածքն ստացել է ոչ թե շինարարական աշխատանքներ կատարելու ժամանակ, այլ' նույն օրը տեղի ունեցած վիճաբանության ընթացքում՝ շինհրապարակի հարևանությամբ գտնվող մեկ այլ ՍՊ ընկերության պահեստապետի կողմից դանակի գործադրմամբ հասցված հարվածի հետևանքով։
Մինչդատական վարույթի ընթացքում ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ պահեստապետին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:
Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով' դատարանի' օրինական ուժի մեջ մտած դատավճռով: