Վենեսուելայում խանութները կողոպտելու ու վանդալիզմի համար ձերբակալվել է շուրջ 200 մարդ
ԱշխարհՎենեսուելայի Միրանդա նահանգում խանութները կողոպտելու ու վանդալիզմի համար ձերբակալվել է ավելի քան 200 մարդ: Այս մասին հայտնել է Հուայկայպուրոյի քաղաքապետ Ֆրանսիսկո Գարսեսը:
«Շատ մարդիկ փորձում են պղտոր ջրում ձուկ որսալ: Նրանք կկանգնեն դատարանի առաջ»,- ասել է քաղաքապետը: Նրա խոսքով՝ վնաս է հասցվել հարյուրավոր խանութների:
Ապրիլի սկզբից Վենեսուելայում զանգվածային բողոքի ցույցեր են ընդդեմ գործադիր իշխանության: Բողոքի ակցիաների ժամանակ, որոնք երբեմն ուղեկցվել են անկարգություններով, ձերբակալվել է ավելի քան 2 հազար 300 մարդ, որոնցից 700-ը շարունակում են մնալ կալանքի տակ:
Ընդդիմության տվյալներով՝ ուժայինների գործողությունների հետևանքով զոհված քաղաքացիների թիվը հասնում է 50-ի, հարյուրավորները վիրավորվել են: