«Ավրորա» մրցանակի հավակնորդ Թոմ Քաթինան հանդիպեց ապագա բժիշկների հետ
Հասարակություն2017թ. «Ավրորա» մրցանակի հավակնորդ բժիշկ Թոմ Քաթինան մայիսի 22-ին հանրային դասախոսություն կարդաց Մ. Հերացու անվան Երեւանի պետական բժշկական համալսարանում: Դասախոսության ընթացքում բժիշկը պատմեց իր փորձառության մասին Սուդանի պատերազմական Նուբա լեռներում, որտեղ տարիներ շարունակ նա աշխատում է «Գթության մայր» հիվանդանոցում: Թոմ Քաթինան ավելի քան 700.000 բնակչություն ունեցող բնակավայրի հիվանդանոցի միակ վիրաբույժն է:
«Ես գերմարդ-բժիշկ չեմ, ես ձեզ նման ուսանող էի 25-30 տարի առաջ: Եթե դուք հետաքրքրված եք այս գործով, դուք էլ կարող եք անել այն: Յուրաքանչյուր մարդ կարող է այս գործով զբաղվել. ընդամենը կամքի եւ ցանկության հարց է: Այս աշխատանքը շատ հետաքրքիր է եւ ուժ է տալիս: Մի՛ վախեցեք Աֆրիկայում գոյություն ունեցող խնդիրներից ու աշխատանքի բարդություններից, - ուսանողներին դիմեց Թոմ Քաթինան, - ես շատ շնորհակալ եմ, որ ինձ հնարավորություն եք տալիս՝ ներկայացնելու իրավիճակը Նուբայում»:
Երեւանի պետական բժշկական համալսարանը Թոմ Քաթինային արժանացրեց պատվավոր դոկտորի կոչման այն բացառիկ մարդասիրական գործունեության համար, որ նա ծավալում է Սուդանի Նուբա լեռներում:
«Բժշկությունն առհասարակ ամենամարդասիրական մասնագիտությունն է, առաքելություն, որն առաջին հերթին ենթադրում է բարձր պատասխանատվություն և նախաձեռնողականություն: Մեզ համար մեծ պատիվ է, որ ԵՊԲՀ գիտական խորհրդի որոշմամբ, բժշկական համալսարանի պատվավոր դոկտորների շարքը համալրեց Սուդանի Նուբա լեռների «Գթության Մայր» հիվանդանոցի միակ վիրաբույժ Թոմ Քաթինան,- ասաց ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը, - «Ավրորա» մրցանակի հավակնորդն իսկապես բացառիկ մարդասիրական գործունեություն է իրականացնում՝ պատասխանատվություն կրելով հազարավոր մարդկանց բժշկական օգնության համար»:
Դասախոսության ավարտին Թոմ Քաթինան պատասխանեց ուսանողների եւ դասախոսների հարցերին: