Մեհմանդարի շուկայում կրքերը դեռ չեն հանդարտվել. գյուղնախարարությունը ելք է փնտրում
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Արարատի մարզի Հովտաշատ (Մեհմանդար) գյուղի շուկայում մեծածախ առևտրով զբաղվող վաճառականները կանգնել են լուրջ խնդրի առաջ և չեն կարողանում իրացնել իրենց մթերքը: Երեկվանից սկսված բողոքի ալիքը դեռ չի մարել և խնդիրն առկա է նաև այսօր:
ԼՈւՐԵՐ.com-ը հարցի առնչությամբ փորձեց ստանալ Գյուղնախարարության պարզաբանումը:
Նախարար Իգնատի Առաքելյանն, անդրադառնալով Մեհմանդարի խնդրին, նշեց, որ նախարարության ներկայացուցիչներն այսօր այցելել են այդ շուկա:
Ըստ նախարարի՝ համապատասխան ուսումնասիրություններ կիրականացվեն, որոնցից հետո էլ պարզ կդառնա, թե ինչ քայլեր պետք է կիրառի նախարարությունը խնդրի կարգավորման ուղղությամբ. «Նախարարության ներկայացուցիչներն այսօր կայցելեն շուկա, կզրուցեն շուկայի սեփականատիրոջ հետ: Պետք է հասկանալ՝ եթե ամեն ինչ օրենքի սահմանում է, կմտածենք, վաճառականներին կտրամադրենք նոր հարթակ՝ իրենց ապրանքի իրացման համար: Այսօր կքննարկենք, կտեսնենք խնդի առարկան. եթե իրավական է՝ կտանք իրավական լուծում, եթե ոչ՝ այլ լուծում կգտնենք: Մենք առայժմ լսել ենք միայն վաճառողների կարծիքը, պետք է լսենք նաև շուկայի սեփականատիրոջը, ով դեռ չի խոսել»,-նշեց նախարարը՝ հավելելով, որ Մեհմանդարի շուկայում ստեղծված խնդրի լուծման համար նախարարությունը պետք է համատեղի երկուստեք տեղեկատվություն՝ իր անելիքները հասկանալու համար: