Իրանին չի կարելի դուրս թողնել սիրիական հակամարտության կարգավորման միջազգային գործընթացից. Լավրով
Աշխարհ«ՌԻԱ Նովոստի»-ն գրում է, որ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է՝ Իրանին չի կարելի դուրս թողնել սիրիական հակամարտության կարգավորման միջազգային գործընթացից: «Սիրիայի աջակցության միջազգային խումբը, որը ստեղծվել է մի քանի տարի առաջ, հիմնվում է հենց ներառականության, բոլոր խաղացողներին ներգրավելու սկզբունքի վրա: Եվ Իրանը այդ խմբի միջուկն է»,- ասել է նա:
Լավրովն ասել է՝ «Աստանայի գործընթացը հիմնվում է ներառականության սկզբունքի վրա՝ հաշվի առնելով, որ Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը հանդես են եկել կառավարության և զինված ընդդիմության մասնակցությամբ անմիջական միջսիրիական երկխոսության նախաձեռնությամբ»:
«Այդ եռյակում Թուրքիան հանդես է գալիս նաև որպես Պարսից ծոցի մի շարք արաբական պետությունների, այդ թվում՝ Սաուդյան Արաբիայի, Քաթարի ներկայացուցիչ»,- ընդգծել է ՌԴ արտգործնախարարը:
Նրա խոսքով՝ Սիրիայի խնդիրները հնարավոր չէ լուծել՝ առաջ տանելով մոտեցումներ, որոնք ոչ թե միավորում են, այլ պառակտում են։