«Փաստ»․ ՍԱՊԾ–ի նորամուծությունն ավելի շատ իր դեմ է, քան՝ ի նպաստ իրեն
Հայկական Մամուլ«Փաստ» օրաթերթը գրում է.
«Մայիսի կեսերից մսի իրացմամբ զբաղվող տնտեսվարողների դիմումի հիման վրա Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության (ՍԱՊԾ) կողմից իրականացված վերահսկողական գործողությունների արդյունքում և ձևավորված մասնագիտական հանձնաժողովի որոշմամբ, վաճառակետերի վրա փակցնելու համար եռամսյա ժամկետով տրամադրվում են կանաչ պիտակներ: Դա նշանակում է, որ այդ վաճառակետերի մսի իրացման բաժիններն արդեն համապատասխանում են ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջներին՝ պահպանված են սանիտարահիգիենիկ բոլոր նորմերը: Բացի այդ, կանաչ տարբերանշանը վկայում է նաև այն մասին, որ այդ տնտեսվարողն ունի պարբերական բուժզննությունը փաստող սանիտարական գրքույկ, տվյալ խանութում վաճառվող միսը ընդունվում է միայն անասնաբուժական ուղեկցող փաստաթղթի առկայությամբ, ենթարկվում է պարտադիր անասնաբուժասանիտարական փորձաքննության: Այսինքն, արդեն անզեն աչքով կարելի է տեսնել ու հաշվել, թե որ տնտեսվարողներն են ամենօրյա ռեժիմով խախտում ՀՀ օրենքները:
«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանի կարծիքով ՍԱՊԾ–ի կողմից մսի իրացման կետերին կանաչ տարբերանշաններ տրամադրելու քայլը չի կարող խրախուսման մեխանիզմ լինել և սա հերթական անբովանդակ աշխատանքն է, որով զբաղվում է պետական կառույցը, քանի որ խրախուսման մեխանիզմներ ներդնելու փոխարեն կառույցը պետք է օրենքով սահմանված իր պարտականություններն իրականացնի:
«Ավելին, ծառայությունը անբարեխիղճ տնտեսվարողների գործունեությունը պետք է կասեցնի, որի իրավունքն ունի: Եվ այս պայմաններում ընկերությունների միջև արհեստականորեն տարանջատում մտցնելը կարող է նաև կոռուպցիոն դրսևորումների պատճառ դառնալ: Բայց, ամենակարևորն այն է, որ մենք այդպես էլ չենք կարողանում ստանալ մեկ կարևորագույն հարցի պատասխան՝ իսկ եթե նման տարբերանշան չկա, ապա արդյո՞ք դա նշանակում է, որ տնտեսվարողի կողմից մատուցվող ծառայությունը չի համապատասխանում օրենսդրական չափորոշիչներին»,– ասում է Բ. Պիպոյանը:
Հարցից ծագող հաջորդ հարցը, որը կրկին մնում է օդում այն է, որ եթե նման տնտեսվարողներ կան դաշտում, ապա ինչու ՍԱՊԾ–ն չի կասեցնում դրանց գործունեությունը: Ստացվում է, որ նույն այդ կանաչ պիտակը չի օգնում, որ մարդու կյանքին ու առողջությանը սպառնացող սննդամթերքի օրինական վաճառքը կասեցվի և պատկան կառույցներն այդ մասին իմանալով սիրահոժար լռում են:
«Ողջ աշխարհում նմանատիպ գործառույթներ իրականացնում են հասարակական կազմակերպությունները: Եվ շատ ապրանքների պիտակների վրա կարող եք տեսնել, թե որ կազմակերպությունը կամ ասոցիացիան է տվյալ ապրանքի որակի երաշխավորը: Բայց դրանցից ոչ մեկը պետական կառույցներ չեն, քանի որ պետական կառույցը հենց նրա համար է, որպեսզի վերահսկեն ապրանքի որակը»,– ասում է ՀԿ նախագահը:
Նա նաև տեղեկացրեց, որ բազմաթիվ տնտեսվարողներ կազմակերպությանը դիմել են, որ նման վճարովի ծառայություն մատուցի, սակայն Բ. Պիպոյանը հրաժարվել է, քանի որ ոչ մի երաշխիք չկա, որ նման պիտակ տրամադրելուց հետո տնտեսվարողը չի խախտի օրենքը:
Նա նաև տեղեկացրեց, որ ՍԱՊԾ–ի կողմից տրամադրված կանաչ տարբերանշաններով խանութներից որոշների մոտ մթերքների պահպանման պայմանները չեն համապատասխանել սահմանված նորմերին: Ստացվում է, որ նման տարբերանշան ունենալն ամենևին էլ երաշխիք չէ: Ավելին հարկավոր է նաև պարզել, թե պիտակ տրամադրելու գործընթացում կա՞ն արդյոք կոռուպցիոն ռիսկեր, թե՝ ոչ:
«Հարց է ծագում, այդ տարբերանշանը փողո՞վ է տրվել, թե՝ ոչ, ծանոթի՞ն է տրվել, թե՝ անծանոթին: Այսինքն, սրանով բիզնեսի համար անհավասար դաշտ են ստեղծել, որի իրավունքը պետությունը չունի»,– հարցնում է ՀԿ նախագահը:
Նա նաև հավելեց, որ բազմաթիվ դեպքեր են եղել, երբ վտանգավոր սննդամթերքը նույն ՍԱՊԾ–ն անվտանգ է ճանաչել: Եվ դա Բ.Պիպոյանի համար հիմք է, որ անվտանգության նորմերին համապատասխանելու մասին ՍԱՊԾ–ի հայտարարություններին չհավատա: Ինչ վերաբերում է նման պիտակներ փակցնելուն, ապա այդ քայլով ՍԱՊԾ–ն փաստում է, որ իրեն չի հաջողվում բոլոր տեղերում անվտանգություն ապահովել:
Իսկ եթե պարզվի, որ միայն ՍԱՊԾ–ի ենթակայության տակ գործող անասնաբուժասանիտարական ՊՈԱԿ–ն է նման պիտակներ տրամադրելու թույլտվություն տալիս, ապա չի բացառվում, որ սա ընդամենը տնտեսվարողներին իրենց լաբորատորիա ուղղորդելու հետևանք լինի:
«Չի բացառվում, որ ՍԱՊԾ–ն տնտեսվարողների առջև պայման դրած լինի, որ եթե իրենց լաբորատորիայի հետ պայմանագիր չկապեն, ապա «կանչ» չեն ունենա: Դա նույնպես կոռուպցիա է, քանի որ կոռուպցիան միայն կաշառքը չէ, այլ՝ հովանավորությունը, վարչական ռեսուրսի օգտագործումը` բոլորն էլ նման դրսևորումներ են: Եվ ՍԱՊԾ–ին պետք է հիշեցնել, որ այդ ոլորտում նոր հեծանիվ հորինել պետք չէ, այլ ընդամենը հարկավոր է օգտվել զարգացած երկրների փորձից ու նորմալ աշխատել»,– ասաց Բ. Պիպոյանը»:
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում