Արևմուտքը բացահայտեց նպատակը...
ПубликацииԱրցախյան հակամարտության ներկա փուլն այնպիսին է, որ ցանկացած ծանրակշիռ մեկի կողմից արտահայտած յուրաքանչյուր միտք այս թեմայով, հարկ է լինում վերլուծել` հասկանալու խոսքում պարունակվող ուղերձներն ու այս կամ այն ուժային կենտրոնում իշխող տրամադրությունները: ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին մայիսի 27-ին լրագրողների հետ ունեցած զրույցի ընթացքում բավական հետաքրքրիր մտքեր էր արտահայտել: Նախ` համոզմունք էր հայտնել, որ ստատուս-քվոյի պահպանումն այլևս գործնականում անհնար է, ապա` Եմ անունից պատրաստակամություն հայտնել հակամարտության լուծումից հետո զգալի գումարներ ներդնել ու աջակցել բնակչությանը:
Ի՞նչ կարող է սա նշանակել, կամ իրականում ի՞նչ է ակնարկում Սվիտալսկին` պայթյունավտանգ այս շրջանում խոսելով, ասենք, փողերի թեմայով: Համաձայնե՛ք` ոչ միշտ կարելի է լսել եվրոպացի այս պաշտոնյայի շուրթերից հավաստիացումներ, թե ԵՄ-ն պատրաստ է, ասենք, Արցախի բնակչությանը ֆինանսապես ինչպես հարկն է օժանդակել և այլն: Չի բացառվում, որ ֆինանսական օգնությունը նույն ԵՄ-ն որպես յուրատեսակ փոխհատուցում է դիտարկում համապատասխան զիջումների դիմաց: Ակնհայտ է, որ գերտերությունների միջև որոշակի կոնսենսուս, այնումենայնիվ, այս հարցի շուրջ՝ կայացել է: Ակնհայտ է նաև, որ այլևս բոլորն են հասկանում, որ առանց պատերազմի՝ այս խնդիրը լուծում երբեք չի ունենալու: Ու չնայած Սվիտկալսկին իր խոսքում ընդգծում է նաև խաղաղ բանակցությունների անհրաժեշտությունն ու կարևորությունը, սակայն նրա ակնարկն այն մասին, որ սատուս-քվոն այլևս իրեն սպառել է, պարզ ակնարկ է առ այն, որ պատերազմը ևս կարող է ստեղծված փակուղային վիճակից որպես լուծում դիտարկվել: Սվիտալսկու հայտարարությունն, ըստ էության, կոչ է ուղղված մեզ` պատրաստ լինելու ռազմական գործողությունների:
Պարզ է` եթե Բաքուն ոչ մի կերպ նշաններ ցույց չի տալիս փոխզիջման գնալու կամ երկարաձգելու ստատուս-քվոն, ապա միակ ելքը մնում է պատերազմը` պատերազմ, որից օգուտներ են փորձելու քաղել ուժային կենտրոններն` ամեն մեկը յուրովի: Այսինքն` ըստ էության՝ Սվիտլավսկին բացառում է արցախյան խնդրի իրապես խաղաղ կարգավորման հեռանկրարը: Ինչ վերաբերում է պատրաստակամությանը` փողեր բերելու ու ներդնելու հակմարտության գոտում, ձեռք մեկնելու բնակչությանն, ապա այստեղ նպատակները չափից դուրս հեռուն գնացող են: Արևմուտքը, հավատարիմ իր դարավոր քաղաքականությանը, փորձելու է հակամարտության «կարգավորումից» հետո սեփական ազդեցությունը տարածել փողի միջոցով. հումանիզմը լավագույն շղարշն է` սեփական քաղաքական ազդեցությունը տարածելու, ներգործության լծակներ ձեռք բերելու համար: Ու եթե ՌԴ-ն պլանավորում է ռազմական ուժի միջոցով ավելացնել իր ազդեցությունը տարածաշրջանում, ապա Արևմուտքը անելու է դա փափուկ ուժի գործադրման ճանապարհով:
Կարծել, սակայն, թե գերտերություններն այստեղ թույլ կտան մի այնպիսի պատերազմի բռնկում, որը վերջնականապես կլուծի արցախյան խնդիրը՝ կա՛մ հօգուտ մեզ, կա՛մ ազերիների, սարսափելի մոլորոթյուն կլիներ: Իրականում հակամարտությունը հրաշալի քաղաքական գործիք է ուժային կենտրոնների ձեռքին` պղտոր ջրում ձուկ որսալու համար. աշխարհաքաղաքական ազդեցության գոտիների համար պայքարը դեռևս հեռու է իր վերջնական հանգուցալուծումից, ինչն ուղղակի բացառում է արցախյան խնդրի համապարփակ կարգավորումը:
Դավիթ ԲԱԲԱՆՈՎ