Ձեզ որտեղի՞ց միլիոնները
ՀրապարակումներԹեեւ Հայաստանի իշխանությունները պարբերաբար հայտարարում են կոռուպցիայի դեմ անհաշտ պայքար մղելու պատրաստակամության մասին, սակայն իրական գործողությունների փոխարեն ընդամենը զբաղված են իմիտացիայով:
Այս առումով հերթական քայլը` ՀՀ կառավարությունն կողմից հավանության արժանացրած` կոռուպցիայի կանխարգելման հարցերով մարմին ստեղծելու մասին օրինագծերի փաթեթն էր: Հայաստանում նախատեսվում է բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի հենքի վրա ստեղծել կոռուպցիայի կանխարգելման հարցերով մարմին, որն իրականացնելու է կոռուպցիայի կանխարգելման, այդ թվում՝ էթիկայի, շահերի բախման, անհամատեղելիության պահանջների, բարձրաստիճան պաշտոնատար անձի և հանրային ծառայողի նկատմամբ կիրառվող այլ սահմանափակումներ պահպանման գործառույթը: Համաձայն փաստաթղթի, մարմինն օժտված է լինելու անհրաժեշտ գործիքակազմով, այդ թվում՝ պատժամիջոցների կիրառման կարողությամբ: Նախագծով պարտադիր հայտարարագրում է նախատեսվում նաև այն հանրային ծառայողների համար, որոնք թեպետ բարձրաստիճան պաշտոնյա չեն, սակայն իրենց գործունեությամբ ընդգրկված են ռիսկային գոտում՝ գնումների գործընթաց, քննիչներ, դատախազներ:
Փաստորեն, չբավարարվելով վարչապետի գլխավորությամբ հակակոռուպցիոն խորհուրդների ստեղծմամբ՝ իշխանությունները հիմա էլ պատրաստվում են ձեւավորել եւս մեկ նոր մարմին, որն ունենալու է առանձին իրավական կարգավիճակ, գործելու է պետական մյուս մարմիններից առանձին, բայց, մեղմ ասած, անհասկանալի գործառույթներով: Համենայն դեպս, նման եզրակացության կարելի է հանգել «Կոռուպցիայի կանխարգելման եւ կոռուպցիայի կանխարգելման հարցերով մարմնի մասին» օրենքի նախագծին ծանոթանալուց հետո, եւ այդժամ կարելի է պնդել, որ ստեղծվելիք մարմինը զբաղված է լինելու միայն շոուներով, ժամավաճառությամբ ու թուղթ մրոտելով: Թեև կոռուպցիայի կանխարգելմանն ուղղված այս նախագիծն առանձնապես միտված չէ կոռուպցիան բացահայտելուն, սակայն կառավարության նիստի ժամանակ շատերին անհանգստացրել է. բոլորն էլ զգուշանում են։ Կարող է պատահել, որ այս կամ այն մեծարժեք և անբացատրելի նվիրատվությունը ներկայացվի որպես կոռուպցիա:
Սակայն, ինչպես երևում է նախագծից, այն դժվար թե կոռուպցիան բացահայտելու նպատակ հետապնդի, քանի որ ավելացել է միայն ռիսկային գոտում գտնվող անձանց հայտարարագիր տալու մասին դրույթը: Ի դեպ, Էթիկայի հանձնաժողով մինչ այս բարձրաստիճան պաշտոնյաները ներկայացնում էին իրենց հայտարարագրերը՝ կիսատ-պռատ և նույնիսկ չէին խորշում ներկայացնել՝ հաճախ միլիոնների հասնող նվիրատվություններ: Եվ ոչ ոք պաշտոնյաներին չի հարցրել, թե ձեզ որտեղի՞ց այսքան գումար, երբ ձեր աշխատավարձը ձեր ունեցվածքի փոքր մասն է կազմում ընդամենը: Էթիկայի հանձնաժողովը չէր պահանջում բացահայտել հարստության աղբյուրը, հետևաբար՝ կոռուպցիայի դեմ պայքարելու ուղղությամբ այս մարմնի բոլոր միջոցառումները պարզապես թուղթ լրացնելու համար էին:
Բացի այդ, գործող հանձնաժողովը նաև չունի նյութատեխնիկական անկախություն և շենքային առանձին հարմարություն, ֆիզիկապես գտնվում է նախագահի աշխատակազմում, ավելին՝ օրենքով ամրագրված է, որ դրա պահպանման ծախսերը կատարվում են նախագահի աշխատակազմի բյուջետային տողից։ Դա արդեն իսկ նշանակում է, որ այս մարմինն իր գործունեության մեջ, եթե անգամ ջանա էլ, չէր կարող ունենալ այն անկախությունը, որը մենք սպասում ենք։ Այս նախագիծը ոչ այլ ինչ է քան արևմուտքի աչքերին թոզ փչելու հերթական փորձը, քանի որ արևմտյան հանրությունը հետևում է Հայաստանում հակակոռուպցիոն գործընթացներին և գիտի կոռուպցիոն շարժն ինչպես է տեղի ունենում, սակայն մինչև Հայաստանի իշխանությունները չպայքարեն կոռուպցիայի դեմ, դեսպանատունը միայն հայտարարություններ, կոչեր կանի, այնուհետև կսահմանափակի ֆինանսական ռեսուրսները: Օրինակ, նույն ԱՄՆ Դեսպանատունն սպասում է, թե երբ Հայաստանի իշխանությունները միլիոնատեր-պաշտոնյաներից կհարցնեն՝ Ձեզ որտեղի՞ց այս հարստությունը և պատասխան չունեցողները կհայտնվեն իրավապահների ուշադրության կենտրոնում, և ահա այդ ժամանակ էլ կսկսվի պայքարը, իսկ կոռուպցիայի դեմ պայքարում արդարադատության նախարարության առաջարկած լրացումներն ու փոփոխությունները ծաղկող կոռուպցիան լղոզելու միջոց են:
Ստելլա ԽԱՉԱՏՐՅԱՆ