Պենտագոնը հավաստել է, որ սկսել է զենքի մատակարարումը սիրիացի քրդերին
ԱշխարհԱՄՆ-ն սկսել է սպառազինությունների եւ հանդերձանքի մատակարարումները քուրդ մարտիկներին, որոնք մասնակցում են «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման զինյալներից Սիրիայի Ռաքա քաղաքի ազատագրման գործողությանը: Այս տեղեկատվությունը ՏԱՍՍ-ին հավաստել են Պենտագոնում:
«Ես հավաստում եմ, որ ԱՄՆ-ի գլխավորած (հակաահաբեկչական) կոալիցիան սկսել է զենքի եւ հանդերձանքի մատակարարումները «Սիրիայի ժողովրդավարական ուժեր» քրդական կազմավորումներին»,- ասել է Պենտագոնի ներկայացուցիչ Էրիկ Փահոնը: Նա նշել է, որ խոսքը վերաբերում է «հրազենին, զինամթերքին, ծանր գնդացիրներին», ինչպես նաեւ այլ զինատեսակների, որոնք անհրաժեշտ կլինեն ԱՄՆ-ի գործընկերներին:
Փահոնի խոսքով՝ «ամերիկացի զինվորական խորհրդականները հնարավորինս կիրականացնեն քրդական կազմավորումներին մատակարարված զենքի կիրառման մոնիթորինգ, որպեսզի այն օգտագործվի բացառապես ԻՊ-ի դեմ պայքարելու համար»: «Սիրիայի ժողովրդավական ուժերի» կազմավորումներն ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի օգնությամբ 2016 թվականի նոյեմբերի 6-ին սկսել են Ռաքա քաղաքի ազատագրման գործողությունը, որը համարվում է ԻՊ-ի սիրիական պատվարը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
Լուսանկարը` EPA