Արամ MP3-ն և Իվետա Մուկուչյանը նորովի մատուցեցին հին հայկական երգերը
Science and cultureԵրգիչ, դերասան, շոումեն Արամ MP3-ի և երգչուհի Իվետա Մուկուչյանի «Դաշտերով» նախագծի շնորհանդեսն անցկացվեց հունիսի 10-ին «Ոստան By Tsirani» ռեստորանային համալիրում:
«Ե՛վ Արամին, և՛ Իվետային շատ լավ եմ վերաբերվում, քանի որ նրանք «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթում փայլուն ելույթներ ունեցան: Կարծում եմ, որ նրանց ձայնային տվյալներով, արտիստիկ կարողություններով հայկական ժողովրդական երգերի նորովի մեկնաբանությունը կարող է երիտասարդությանն առավել հետաքրքրել: Երբ նման նախագծեր են իրականացվում շնորհալի, տաղանդավոր երգիչների կողմից, դրանք դատապարտվում են հաջողության»,- նշեց ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը:
Արամի խոսքով՝ նախագծի շնորհիվ հնարավոր է ժողովրդական գեղեցիկ երգերը նոր հնչողությամբ, նոր շնչով ներկայացնել հանրության լայն շրջանակին: «Դրանք կարող են հնչել դիսկոտեկներում ու հաճելի ժամանց ապահովել երիտասարդների, նաև ավելի տարեց սերնդի ներկայացուցիչների համար: Հուսամ՝ երկրպագուները կհավանեն դրանք»,-ասաց երգիչր:
«Սիրով ենք աշխատել յուրաքանչյուր երգի ձևավորման վրա: Դրանք դեռ հասանելի չեն համացանցում, սակայն կհնչեն ռադիոյով, հետագայում գուցե նաև ձայնասկավառակ թողարկենք, կլինեն նաև տեսահոլովակներ: Հեռանկարում նոր երգերի էլ կանդրադառնանք»,-ընդգծեց Իվետա Մուկուչյանը:
«Դաշտերով» նախագծի շուրջ աշխատել են Լևոն, Լիլիթ Նավասարդյանները, Ռուդիկ Տեր-Գալստյանը, Վազգեն Պողոսյանը, DJ Սերժոն և այլք:
Երեկոյին Արամ MP3-ն և Իվետա Մուկուչյանը կատարեցին Ղափամա, Գութան, Քամին զանա, Ծիրանի ծառ և այլ հայտնի հայկական ժողովրդական երգեր: Նրանք իրենց ելույթներով մեծ բավականություն պատճառեցին ներկաներին:
Միջոցառմանը ներկա էին հաղորդավարներ, դիզայներներ և երգիչներ:
Հայկական շոու բիզնեսի երկու ինքնատիպ երիտասարդ երգիչները վաղուց են համագործակցում երաժշտական ասպարեզում: Ամիսներ առաջ նրանք երաժշտասերներին ներկայացրին «Դաշտերով» երգը և դրա հիման վրա նկարահանված տեսահոլովակը: Երգի երաժշտության հեղինակը DJ Սերժոն է, իսկ խոսքերը գրել է երգահան Ավետ Բարսեղյանը: