Ո՞ւր են «դմփոցները»...
PublicationsՎարչապետ Կարեն Կարապետյանը շաբաթ օրը Դիլիջանում Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի՝ Բելգիայի ու Նիդեռլանդների գլխավորած ենթախմբի երկրների տարեկան հանդիպման ժամանակ հայտարարել է, թե վերջին տարիներին Հայաստանում պետական պարտքի մակարդակի էական աճ է գրանցվել:
Իսկ դա թելադրում է, որ այս և հետագա տարիներին իրականացվի հարկաբյուջետային կոնսոլիդացիա՝ նպատակ հետապնդելով պարտքը վերադարձնել կայուն միջավայր և չվտանգել մակրոտնտեսական կայունությունը, ինչը տնտեսվարողների կողմից ներդրումների իրականացման կարևոր նախապայման է: Վարչապետը փաստացի ընդունում է, որ պետական պարտքն արդեն վտանգավոր չափերի է հասել: Մինչև հիմա համապատասխան պաշտոնյաները հայտարարել են, որ ՀՀ-ն պարտքի ցածր մակարդակ ունեցող երկիր է: Հարկաբյուջետային կոնսոլիդացիան նշանակում է, որ կառավարությունը ավելորդ ծախսեր չի անի, հետևաբար, կմնանք 3 տոկոս դեֆիցիտի շրջանակներում: Բայց այդ՝ կոնսոլիդացիայի մեջ մի վտանգ կա՝ այդ դեպքում կարող է առողջապահության կամ կրթության ոլորտներում պլանավորած օպտիմալացումը խիստ անհրաժեշտ դառնալ: Կամ՝ նշված ոլորտների՝ առանց այդ էլ թերֆինանսավորումն է՛լ ավելի կրճատեն, ինչը նորից բացասաբար կանդրադառնա այդ ծառայությունների որակի վրա:
Հայաստանի պետական պարտքն այս տարվա ապրիլի վերջի դրությամբ հատել է 6 միլիարդ դոլարի շեմն ու կազմել շուրջ 6,037 մլրդ. Ա.Մ.Ն. դոլար: Միայն մեկ ամսում այն ավելացել է մոտ 41 միլիոն դոլարով կամ 0,7 տոկոսով, իսկ այս տարեսկզբի համեմատ՝ 95 միլիոն դոլարով կամ 1,6 տոկոսով: Ընդհանուր պարտքից 4,852 մլրդ. դոլարը մեր արտաքին պետական պարտքն է, իսկ1,185 մլրդ. դոլարը՝ ներքին պարտքը: Թե՛ մեկը, թե՛ մյուսն ավելացել են տարեսկզբի համեմատ: Ու չնայած ներքին պարտքի ծավալը շատ ավելի փոքր է, այն, նախորդ տարվանից սկսած՝ ավելի մեծ տեմպերով է աճում: Կառավարությունը դա բացատրում է ընդհանուր պարտքի կազմում ներքին պարտքի կշիռն ավելացնելու նպատակադրությամբ՝ հիմնականում նշելով, որ ներքին պարտքի պարագայում երկիրը զերծ է մնում արտարժույթի տատանումների բացասական հետևանքներից:
Մեր տնտեսության համար նույնիսկ պարտքի այդ կրիտիկական սահմանը դեռ «սահման» չէ, որովհետև մեր երկրի պարտքի վճարման «պիկը» նախանշվում է 2020թ․-ին, երբ Հայաստանը ստիպված կլինի մարել 500 մլն դոլար եվրոբոնդերի դիմաց (որ թողարկվել էր ռուսական վարկը մարելու համար): Մինչդեռ մասնագետները պնդում են, որ տարեկան 250 մլն դոլարն արդեն իսկ սահմանային է, և սպասարկման վարձը 300 մլն դոլարի հասնելու դեպքում Հայաստանն այլեւս ի վիճակի չի լինի վճարել: Չի կարելի պնդել, որ բոլոր վարկային գումարները քամուն են տրվել, բայց թե որքանով է մաքսային հսկողության համակարգը արդիականացվել (խոսքը սարքավորումների մասին չէ), տեսնում ենք ամեն վայրկյան, կամ թե ինչպես են զարգացել գյուղական տարածքների ջրային ենթակառուցվածքները, երևում է վարչապետի «դմփոցներից»: Հայաստանի պետական բյուջեն չի կարող ունենալ սոցիալական ուղղվածություն, քանի որ երկրի պետական պարտքը հասել է կրիտիկական շեմին, իսկ բյուջեի համալրման միակ ինստիտուտը երկրի քաղաքացիներն են: Պետական պարտքի ավելացման առումով, նաև պետք է հիշել, որ 2016թ. բյուջեով նախատեսված 3 տոկոս դեֆիցիտն ավելի քան 2 տոկոսով ավելացվեց, և 190 մլրդ դրամը հասցվեց 278 մլրդ-ի: Իսկ ՀԲ-ն էլ նման բան թույլ չի տա, ի վերջո՝ ինքն է վարկ տալիս և մտահոգ է իր փողերի համար:
Ստելլա Խաչատրյան