Դատարանը մերժեց Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով դատավորի ինքնաբացարկի միջնորդությունը
ԻրավունքՇենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Տաթևիկ Գրիգորյանի նախագահությամբ շարունակվում է Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով դատական նիստը: Դատավորը ներկայացրեց պաշտպանների կողմից Տաթևիկ Գրիգորյանի ինքնաբացարկի միջնորդության վերաբերյալ որոշումը. «Պաշտպան Արայիկ Պապյանի հունիսի 13-ին ներկայացված միջնորդությունը նախագահ դատավորի կողմից ինքնաբացարկ ներկայացնելու մասին մերժել` անհիմն լինելու պատճառով»:
Դատավոր Գրիգորյանը ամբաստանյալ Գևորգ Սաֆարյանին հորդորեց հարգալից վերաբերվել դատարանին, սակայն վերջինս շարունակում էր տեղից խոսել, ուստի դատավոր Գրիգորյանը որոշում է կայացնում 3 ժամով հեռացնել դատական նիստերի դահլիճից ամբաստանյալ Գևորգ Սաֆարյանին: Այնուհետև դատավորը մեկ ժամ ընդմիջում հայտարարեց:
Հունիսի 13-ին մեկնարկած դատական նիստում դատավոր Տաթևիկ Գրիգորյանին ինքնաբացարկ հայտնելու վերաբերյալ միջնորդությունը գրավոր տեսքով դատավորին էր հանձնել պաշտպան Արայիկ Պապյանը: Միջնորդությանը միացել էր նաև պաշտպան Տիգրան Հայրապետյանը: Միջնորդությանը դեմ էր հանդես եկել մեղադրող կողմը՝ դատախազ Պետրոս Պետրոսյանը: